Նոյեմբեր 29, 2021 16:38 Asia/Tehran
  • Ի աջակցություն Առուշանյանի` Գորիսում և Երևանում բողոքի ակցիաներ են իրականացվում

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի, ինչպես նաև Երևանում` Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ, նոյեմբերի 29-ին քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել` ի աջակցություն Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի։

Ներկա պահին դատարանում ընթանում է Առուշանյանի գործով դատական նիստը, որը մտել է դատաքննության փուլ։ Գորիսում ակցիան լուռ է ընթանում։

Երևանի ակցիայի մասնակիցները Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ հայտարարեցին, որ իրենք անկախ ամեն ինչից չեն պատրաստվում դադարեցնել իրենց դիմադրությունը և շարունակելու են այնքան, մինչև կարողանան ապահովել ՀՀ անվտանգ ու խաղաղ զարգացումը։

Նրանց ձեռքին կան պաստառներ, որոնց վրա գրված է. «Վերջ զանգովի արդարադատությանը», «Սյունիքը` վտանգված, պաշտպանները` կալանավորված»։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ դատավորի վրա ազդեցություն չեն ունենա ոչ բողոքի ակցիաները, ոչ էլ այլ ճնշումներ ու նա անկողմնակալ վճիռ կկայացնի։

«Կարծում եմ, որ օրենքով առաջնորդվելու դեպքում Առուշ Առուշանյանն ու մեր մյուս գործընկերները (Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը – հեղ.) անհապաղ ազատ կարձակվեն»,– նշեց Մանուկյանը։

Գորիսում գտնվող լրագրողների հետ զրույցում էլ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը հայտնեց, որ գուցե չհասցնեն այսօր միջնորդություն ներկայացնել Առուշանյանի կալանքի վերաբերյալ։

Այսօրվա դատական նիստին նախատեսվում է հարցաքննել գործով ամբաստանյալ Լուսինե Ավետյանին, ով Քարահունջի ղեկավարն է։ Տեղեկություններ կան, որ հենց Ավետյանն է Առուշանյանի դեմ ցուցմունք տվել, այդ պատճառով էլ վերջինս կալանավորված է։

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը), 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը) և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը) հատկանիշներով։

Այս քրեական գործին միացվել է մեկ այլ քրեական գործ, որով Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլն դրամի չափով։

Առուշ Առուշանյանը կալանավորված է 2021 թվականի հուլիսի 16-ից։

armeniasputnik.am

Պիտակ