Նոյեմբեր 30, 2021 18:16 Asia/Tehran
  • Ապաշրջափակման գործընթացը չի ենթադրում որևէ «միջանցքի» տրամադրում. Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը վստահեցրել է, որ ապաշրջափակման պարագայում թե՛ երկաթգիծը, և թե՛ ավտոմոբիլային ճանապարհները լինելու են ՀՀ իշխանության ներքո գործող ճանապարհներ։

Տարածաշրջանում որևէ ապաշրջափակման պարագայում երկաթգիծն ու ավտոմոբիլային ճանապարհները մնալու են Հայաստանի իրավազորության ներքո: Ադրբեջանական և թուրքական կողմերի՝ «Զանգեզուրի միջանցք» եզրույթի վերաբերյալ «Հանրային հեռուստաընկերության» հարցմանն ի պատասխան՝ այսպիսի հայտարարություն է արել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետը մանրամասներ է հայտնել երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիների հստակեցման վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի քննարկումներից:

«Վերահաստատում եմ, որ հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը չի ենթադրում էքստերիտորիալ որևէ միջանցքի տրամադրում: Վերահաստատում եմ նաև, որ ապաշրջափակման պարագայում թե՛ երկաթգիծը և թե՛ ավտոմոբիլային ճանապարհները լինելու են լիարժեք Հայաստանի իրավազորության և ինքնիշխանության ներքո գործող ճանապարհներ»,- ասել է Գրիգորյանը:

Նրա խոսքով` երկաթգծի հետ կապված՝ այս պահին քննարկվում են բացառապես Խորհրդային Միության ժամանակվա երկաթգծի ուղիների վերականգնման և դրանց շահագործման հերթականության, ժամանակացույցի հարցերը: Իսկ ավտոմոբիլային կոնկրետ ուղիների և անվտանգության կազմակերպման հետ կապված հարցերը, ըստ փոխվարչապետի, դեռ քննարկվում են։

Հավելենք, որ Սոչիում եռակողմ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Զանգեզուրի «տրանսպորտային միջանցքը» իրականություն է դառնում։

Հիշեցնենք` Սոչիում եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց է ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևել են երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդել է Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնել էր` նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությամբ ևս մեկ անգամ վերահաստատվում է 2021թ.–ի հունվարի 11-ի հայտարարությամբ արձանագրված` տարածաշրջանում տրանսպորտային բոլոր ուղիների ու տնտեսական կապերի ապաշրջափակման դրույթը և հերթական անգամ հերքվում են «միջանցքի» կամ միջանցքային տրամաբանության մասին տարածվող քարոզչական թեզերը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ նոր եռակողմ հանդիպում կլինի, որի ժամանակ կներկայացվեն քննարկման որոշ արդյունքներ, հայտարարություն կարվի կայացրած որոշումների մասին։

armeniasputnik.am