Նոյեմբեր 30, 2021 18:20 Asia/Tehran
  • «Միջանցք» հասկացություն օրակարգում չկա. Անդրանիկ Քոչարյանը` Ալիևի հայտարարության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում կայացած երեք երկրի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ հստակ ձևակերպել է իր տեսակետը կոմունիկացիաների ապաշրջափակման մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Անդրանիկ Քոչարյանը` պատասխանելով հարցին, թե ինչու են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները կրկին խոսում «Զանգեզուրի միջանցքի» մասին, թեև Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը այդ մասին խոսք չի գնացել:

«Կարծում եմ, որ պարոն Ալիևը հնարավորություն ուներ Սոչիում կայացած եռակողմ հանդիպումների ժամանակ իր տեսակետը հստակ ձևակերպել, թե ինչ է Ալիևը պարոն Էրդողանի հետ հասկանում «միջանցք» հասկացության տակ… Մեր հանրապետության վարչապետը հստակ ՀՀ շահերից բխող տեսակետը ներկայացրել է: «Միջանցքը» լրիվ այլ հասկացություն է, այդպիսի օրակարգ չկար»,- ասաց Քոչարյանը:

Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովում կրկին խոսել էին «Զանգեզուրի միջանցքի» մասին։

armenpress.am