Դեկտեմբեր 01, 2021 11:06 Asia/Tehran
  • ՀՀ քաղաքացիները պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ են հանձնել Ադրբեջանին. ԱԱԾ

Պետական դավաճանության հետևանքով հակառակորդը կարողացել է ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ։

Ավարտվել է կազմակերպված խմբի կողմից իրականացված պետական դավաճանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ երկու քաղաքացիները, չունենալով մշտական աշխատանք և եկամտի աղբյուր, մեկնել են Ստամբուլ, որտեղ հայտնվել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների տեսադաշտում և ընդունել նյութական օգուտներ ստանալու դիմաց նրանց կողմից հավաքագրվելու և ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության գործելու առաջարկը:

«Վերջիններս վարձատրության դիմաց անցել են թշնամու կողմը, լրտեսության, այլ օգնություն ցույց տալու եղանակներով հավաքել, պահել և օտարերկրյա պետության` ինքնությունը դեռևս չպարզված ներկայացուցիչներին հանձնել են պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Շեշտվում է, որ այդ տեղեկությունները փոխանցելով` հակառակորդին ընձեռել են իրական հնարավորություն կատարելու ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ, որոշել տարբեր հատվածներում իրենց կողմից խնդիրների կատարմանն ընդգրկվող ուժերի և միջոցների քանակը, տեղադիրքերը, տեղաբաշխումները, դրանց համապատասխան կատարել տակտիկական փոփոխություններ, ինչպես նաև կանխորոշել ՀՀ ԶՈւ տարբեր զորամասերի կողմից իրականացվելիք խնդիրների հնարավոր ծավալներն ու գործողությունների հավանական բնույթը, մարտական գործողությունների վարման ընթացքում նպատակային և արդյունավետ խոցման համար նպաստավոր պայմաններ ստեղծել ու արդյունքում խոչընդոտել Արցախի ՊԲ և ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների առջև դրված խնդիրների պատշաճ իրականացմանը, ստեղծվել են նպաստավոր պայմաններ թշնամական զորքի կողմից այդ ուղղությամբ պաշտպանության գծի ճեղքման և հետագա առաջխաղացման համար:

Պետական դավաճանություն կատարած անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, և 2021 թվականի նոյեմբերի 26-ին նրանց նկատմամբ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 

armeniasputnik.am