Դեկտեմբեր 05, 2021 18:47 Asia/Tehran
  • Հայաստանում աճեցվում է աշխարհի ամենաթանկ համեմունք համարվող քրքումը (զաֆրան)

Հայաստանում աճեցվում է աշխարհի ամենաթանկ համեմունք համարվող քրքումը (զաֆրան)։ Դրա 1 կգ–ը համաշխարհային շուկայում կարող է տասնյակ հազար դոլարներ արժենալ։ Հայկական հողում աճեցված զաֆրանին տրվել է որակի ամենաբարձր կարգը։ Այն գործածում են Եվրոպայի բարձրակարգ խոհարարները։

Արդեն 3 տարի է՝ Տավուշի մարզում՝ սահմանամերձ Սարիգյուղում, աճեցվում է աշխարհի ամենաթանկ համեմունք համարվող զաֆրանը՝ քրքումը։ Ամենաբարձր որակի զաֆրանի մեկ գրամն աշխարհում միջինը 40-50 դոլար արժե։ Հայաստանում աճեցվող զաֆրանն օրգանական ու պրեմիում, այսինքն ամենաբարձր՝ առաջին կարգի է։ Ու դա ոչ թե մենք՝ հայերս ենք գլուխ գովելով ասում կամ արտադրողներն իրենք, այլ ֆրանսիական ու գերմանական լաբորատորիաները։ Հայաստանում աճեցվող զաֆրանը պրեմիում է բոլոր երեք չափանիշներով՝ համ, բուրմունք և գույն։ Զաֆրանի աճեցման մշակույթը Հայաստան 3 շվեյցարացիներ բերեցին, նրանցից մեկն ազգությամբ հայ է, ծնունդով` Սարիգյուղից։

Զաֆրանն անվանում են «համեմունքների թագավոր», իսկ ես զաֆրանի ծաղիկները տեսնելուց հետո պնդում եմ, որ այն «համեմունքների թագուհին է»։

Աշխարհի ամենաթանկ համեմունքի համարում ունեցող զաֆրանը ստացվում է Crocus sativus կոչվող ծաղիկներից։ Կրոկուսը նման է մեր ձնծաղիկին՝ փոքրիկ, մանուշակագույն ու շատ անուշաբույր։ Ծաղկի առէջները խնամքով առանձնացնում են, չորացնում, ու ծնվում է զաֆրանը։ Մոտ 150 ծաղկից հազիվ 1 գրամ համեմունք է ստացվում։ Առաջին հայացքից ամեն ինչ հեշտ է թվում, բայց բարձրորակ, թանկարժեք զաֆրան ստանալն իրականում բարդ, բազմաթիվ նրբություններ ունեցող գործ է։

Այն դեղնավուն փոշին, որը մենք շուկաներից, խանութներից գնում ենք զաֆրանի անվան տակ մի քանի հարյուր դրամով, իրականում զաֆրան չէ, այլ մի քանի անգամ ավելի մատչելի համեմունք, սովորաբար՝ կուրկումա։

Որոշ հետազոտողներ համարում են, որ զաֆրանն աշխարհի ամենահին համեմունքն է։ Ապացուցված է, որ նեոլիթյան դարաշրջանին վերագրվող ժայռապատկերներն անելիս շաֆրանը որպես գունանյութ է օգտագործվել։

Առաջին գրավոր հիշատակումը շումերներից է մեզ ասել։ Դեռևս 10․000 տարի առաջ  Իրանում այս ծաղկից արդեն անուշաբույր յուղեր էին պատրաստում։ Հայտնի է, որ Ալեքսանդր Մակեդոնացու զինվորներն այն կիրառում էին վերքերը բուժելու համար, իսկ հենց ինքը՝ Մակեդոնացին, զաֆրանն ավելացնում էր օշարակի մեջ, սիրում էր նաև զաֆրանով լոգանքներ ընդունել։ Ի դեպ, զաֆրանով լոգանք էր սիրում նաև Կլեոպատրան, դա նրա առասպելական հմայքի ու հավերժ երիտասարդության գաղտնիքներից մեկն էր։

Այս ծաղկի մասին հիշատակումներ կան նաև Նոր Կտակարանում (որպես ներկանյութ և անուշաբույր միջոց)։

Զաֆրանն արևելքից Եվրոպա է բերվել Խաչակրաց արշավանքների ժամանակներում։ Մեծ Բրիտանիայի Էսսեկս կոմսությունում մի քաղաք կա՝ Սաֆրոն Ուոլդեն․ այն միջնադարում հայտնի է եղել զաֆրանի մշակությամբ, անունը պահպանվել է մինչև օրս։ Միջին դարերում Եվրոպայում այս ծաղիկն ասոցացվում էր հարստության և բարեկեցության հետ։

Իսպանիան եվրոպական առաջին երկիրն էր, որտեղ զաֆրանի պլանտացիաներ հիմնվեցին, 1963 թվականից սկսած Իսպանիայի Կոնսուեգրա քաղաքում նաև զաֆրանի ամենամյա փառատոն է անցկացվում։ Արևելքից Եվրոպա, այստեղից էլ՝ Ամերիկա․ այսպես համեմունքն ամբողջ աշխարհում տարածվեց ու հայտնի դարձավ։

Դեռևս հին ժամանակներից զաֆրանը հայտնի է իր օգտակար հատկություններով։ Այն հզոր հակաօքսիդանտ է, համարվում է հակաբորբոքային միջոց։ Բարձրացնում է տրամադրությունը, վերացնում է սթրեսը, ըստ որոշ հետազոտությունների՝ օգնում է պայքարել քաղցկեղի դեմ, արդյունավետ միջոց է նաև կանացի ցավերի դեպքում։

Զաֆրանը հնուց հայտնի է նաև որպես աֆրոդիզիակ. մաքրում է արյունը, կարգավորում շրջանառությունը, կանխում է սրտանոթային հիվանդությունների առաջացումը, կարգավորում ախորժակն ու նպաստում քաշի իջեցմանը։ Այն օգնում է պահպանել հիշողությունը, օգտակար է Ալցհեյմեր հիվանդությամբ տառապող մարդկանց, վատ տեսողություն ունեցողների համար և այլն։ Բոլոր այս օգտակար հատկությունների կողքին չպետք է մոռանալ, որ ամեն ինչ լավ է չափի մեջ։

Այսօր աշխարհում զաֆրանի առաջատար արտադրողը մեր հարևան Իրանն է։ Աշխարհում սպառվող զաֆրանի մոտ 80 տոկոսն Իրանում է աճեցվում։

Հայաստանի Սարիգյուղում աճեցնելու համար զաֆրանի ընտրությունը մի քանի պատճառ ունի։ Դրանցից մեկն այն է, որ գյուղում ջրի մեծ խնդիր կա, իսկ կրոկուսը պահանջկոտ բույս չէ, հատուկ ջրելու կարիք չունի, եթե, իհարկե, տարին շատ չորային չէ։

2014 թվականի գարնանը երեք գործընկերները Հոլանդիայից Հայաստան բերեցին զաֆրանի առաջին 100 սոխուկները՝ տեղում փորձարկելու, թե ինչպես իրեն կզգա մանուշակագույն այս նուրբ ծաղիկը հայկական հողում։

Հոկտեմբերին առաջին բերքը հավաքվեց, որոշում կայացրին զաֆրանի մեծածավալ արտադրություն սկսել։ 2017-ի օգոստոսին արդեն 50 000 սոխուկ ներկրվեց ու ծնվեց «Սարի Զաֆրանը»։ 2018 թվականին հայկական զաֆրանի առաջին բերքն արտահանվեց Շվեյցարիա։

Զաֆրանի բերքահավաքը սկսվում է հոկտեմբերին ու տևում 4-6 շաբաթ։ Պրեմիում կարգի զաֆրան աճեցնելն աշխատատար է։ Արևը դեռ չծագած՝ բերքահավաքին մասնակցող կանայք արդեն դաշտում են։ Ծաղիկները պետք է հավաքվեն՝ գլխիկները դեռ չբացված։

Հենց արևի շողերը կրոկուսներին են հասնում, ծաղկաթերթերը բացվում են, ու աշխարհի ամենաթանկ համեմունքը մեղվի բաժին է դառնում։ Ամեն օր՝ առանց ուշացման, ուղիղ 7։15 սարիգյուղցի կանայք սկսում են ծաղկաքաղը։ Ուշանալ չկա․ շվեյցարական կարգապահություն է։ Մոտ 2-3 ժամվա ընթացքում կանանց զամբյուղները ծաղիկներով են լցվում։

Դրանից հետո նրանք շտապում են արտադրամաս՝ զաֆրանի մշակման երկրորդ փուլին անցնելու։

Սարի Զաֆրանն օգտագործում են Եվրոպայի բարձրակարգ խոհարարները, ուստի այստեղ սխալվելու կամ բացթողում անելու տարբերակ չկա։ Քաղված ծաղիկները չի կարելի երկար ժամանակ թողնել, քանի որ եթերայուղերն աստիճանաբար սկսում են պակասել։ Դրա համար քաղելուց անմիջապես հետո կանայք սկսում են խնամքով մատներով առանձնացնել ծաղկի առէջները։ Չի կարելի լինել ռետինե ձեռնոցներով, եղունգներին չպետք է լաք լինի․ եթե լաբորատոր փորձաքննությունը քիմիական որևէ տարր գտնի, զաֆրանի արժեքը կնվազի։

Բույսի միայն մուգ կարմիր հատվածներն են ընտրվում, մյուսներն առանձնացվում են տնային օգտագործման համար։

Ծաղկաթելերը չորացվում են բնական պայմաններում՝ թույլ ջեռուցված սենյակում, ոչ թե վառարանում։ Դա ևս օգնում է պահպանել օգտակար հատկությունները։ Չորացրած զաֆրանը նաև հնեցվում է, դրանից հետո միայն այն պատրաստ է օգտագործման։

Ինչպես ճիշտ օգտագործել

Զաֆրանի բույրը, գույնն ու համը պահպանելու ու նաև ավելի ակտիվացնելու համար խորհուրդ է տրվում նախ 5-10 ծաղկաթելեր մանրացնել հավանգով։ Ի դեպ, հավանգը պետք է մետաղական չլինի, քանի որ կարող է փոխել զաֆրանի համը։ Ապա մանրացված զաֆրանի վրա անհրաժեշտ է ավելացնել տաք հեղուկ՝ ոչ եռացրած, բայց գոլից տաք։ Կարելի է օգտագործել կաթ, ջուր, սերուցք: Նախընտրելի է զաֆրանի թուրմը պատրաստել օգտագործման նախօրեին, մեկ գիշեր թողնել սառնարանում:

Հայաստանում աճեցվող Սարի Զաֆրանի մասին պատմել են Եվրոպայի զաֆրանի մասին գրքում:

Զաֆրանը լայն կիրառություն ունի աշխարհի տարբեր երկրների խոհանոցներում։ Այս համեմունքի համը հնարավոր չէ շփոթել այլ համեմունքի հետ։ Նրա հետ պետք է զգույշ վարվել․ մի փոքր չափն անցար` զաֆրանն իրենով, այսպես ասած, «կփակի» մյուս բաղադրիչներին։ Զաֆրանով պատրաստվող ամենահայտնի կերակուրը, թերևս, բրինձն է։ Բայց բավական է մի քիչ երևակայություն, ու այն շատ լավ կհամադրվի տարբեր մթերքների հետ։

Զաֆրանը ոչ միայն կերակուրների մեջ կարելի է օգտագործել, այլև աղանդերի, այն կարելի է ավելացնել տարբեր թխվածքների մեջ։

Հիմա «Սարի Զաֆրանը» չորացվելուց հետո արտահանվում է Շվեյցարիա և այնտեղ է փաթեթավորվում։ Նպատակ ունեն այդ փուլն էլ Հայաստանում կազմակերպել։

Աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերին գալ Հայաստան, տեսնել ամեն ինչ ներսից ու փորձել որևէ բան անել։ Թե չէ` հեռվից խոսելը հեշտ է։

 

Պիտակ