Հունվար 15, 2022 19:35 Asia/Tehran
  • Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ավելի քան 2 մլրդ դրամի գույքն օրինականացնելու և կոռուպցիոն այլ հանցավոր արարքների համար

Նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նախկին ոստկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ դրամի գույքն օրինականացնելու և կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր արարքների կատարման համար։

Ըստ կոմիտեի հաղորդագրության՝ նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ «Վլադիմիր Գասպարյանը, 2000-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, կատարել պաշտոնեական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաև զբաղվել կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր գործունեությամբ: Արդյունքում Վ. Գասպարյանը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, մասնավորապես` թանկարժեք տներ և տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով տարբեր եղանակներով, այդ թվում` իր հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու միջոցով օրինականացրել է դրանք:

Ըստ առաջադրված մեղադրանքի` Վ. Գասպարյանի կինը, 2010-2011 թվականներին պաշտոնի նշանակված լինելով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, ծառայության չի ներկայացել և իր պարտականությունները չի կատարել, սակայն Վ.Գասպարյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ենթակա աշխատակիցների միջոցով կազմակերպել է կնոջը ավելի քան 17 մլն ՀՀ դրամ աշխատավարձի վճարումը: Բացի այդ, 2011-2018 թվականներին ՀՀ ոստիկանությունում պաշտոններ զբաղեցնելու ընթացքում Վ.Գասպարյանի կինն անհարգելի պատճառներով ոչ պատշաճ է իրականացրել իր ծառայողական պարտականությունները, ավելին` առանց վերադասին ուղղված` իրեն արձակուրդ տրամադրելու մասին զեկուցագրերի տարբեր տևողություններով բացակայել է ՀՀ-ից և չի ներկայացել աշխատանքի: Այս դեպքում ևս Վ.Գասպարյանը դիտավորությամբ չի ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ, որպիսի պայմաններում նրա կնոջն անհիմն վճարվել է առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 19 մլն ՀՀ դրամ գումար:

hetq.am

Պիտակ