Հունվար 20, 2022 13:43 Asia/Tehran
  • ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը նշեց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի պայմանները

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձևակերպումն ու ստորագրումը ենթադրում է մի շարք պայմանների առկայություն։ Այս մասին ասաց ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը ՀՀ կառավարությունում ճեպազրույցի ժամանակ՝ խոսելով խաղաղության պայմանագիր ստորագրելու և դրա նախապայմանների մասին։

«Մենք շարունակելու ենք աշխատել, որպեսզի կարողանանք ձևակերպել համապարփակ խաղաղության այդ պայմանագիրը։ Այդ պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ է, որպեսզի գտնենք ԼՂ հիմնախնդրի լուծում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո իրականացվելիք բանակցություններով հնարավոր կլինի գտնել ԼՂ հիմնախնդրի լուծումը»,- նշեց ԱԽ քարտուղարը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Բաքուն պատասխան է սպասում Երևանից հնարավոր խաղաղության պամանագրի ստորագրման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ:

ՀՀ ԱԽ քարտուղարի խոսքով՝ կան նաև այլ հարցեր՝ ապաշրջափակում, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում և սահմանագծում, ու բոլոր այդ հարցերի համար պետք է լուծում գտնել, որպեսզի ստեղծվեն խաղաղության պայմանագրի հիմքերը։

Հարցին, թե ինչպիսին է Հայաստանի դիրքորոշումը ապագա բանակցություններում Արցախի կարգավիճակի վռրաբերյալ՝ Արմեն Գրիգորյանը վստահեցրեց՝ ԼՂ հիմնախնդրի լուծման ժամանակ Արցախի կարգավիճակի որևէ սահմանափակում չպետք է լինի։

Այլ կերպ ասած` պաշտոնական Երևանը չի ընդունում Բաքվի այն դիրքորոշումը, թե ԼՂ կարգավիճակի հարցը կարելի է քննարկել միայն Ադրբեջանի կազմում։