Հունվար 21, 2022 12:08 Asia/Tehran
  • Սահմանազատման և սահմանագծման գործընթացն ի սկզբանե սխալ է մեկնարկել. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթև Հայրապետյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացին և այդ առթիվ հնչող հայտարարություններին։

Սահմանազատման և սահմանագծման գործընթացն ի սկզբանե սխալ է մեկնարկել, որովհետև տվյալ օրակարգն արագորեն առաջ մղվեց 2021 թվականի մայիսի 12-ի ադրբեջանական զինուժի ներթափանցումից հետո, այսինքն հայկական կողմն այդ գործընթացին գնում է ուժի և ուժի սպառնալիքի կիրառման պայմաններում, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«Դրանից հետո մայիսի վերջին եղավ հայելային հետքաշման մասին հայտնի հայտարարությունը, որին հաջորդեց Ալիևի հարցազրույցը, որտեղ նա նշում էր, թե իրենք չեն պատրաստվում որևէ քայլ հետ գնալ, որ դա համարում են իրենց «պատմական» հողը, ամրացել են նպատակային և հեռանալու որևէ մտադրություն չունեն։ Հետագա ամիսներին ականատես եղանք էսկալացիոն տարբեր իրադարձությունների»,– ասաց ադրբեջանագետը։

Հայրապետյանի դիտարկմամբ` Ադրբեջանը որդեգրել է հստակ ռազմավարություն և տագնապային իրավիճակ ստեղծելով՝ փորձում է զուգահեռաբար առաջ մղել իր օրակարգը, այսինքն` սահմանազատման ու սահմանագծման գործընթացի ներքո նախևառաջ ցանկանում է փակել արցախյան հիմնահարցը և բաց տեքստով հայտարարում է այդ մասին։ Ըստ նրա` պատահական չէր, երբ վերջերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ այդ գործընթացները փոխկապակցված չեն, Ադրբեջանում արձագանքեցին` պնդելով, որ գործընթացի արդյունքում Լեռնային Ղարաբաղը պետք է ճանաչվի Ադրբեջանի անքակտելի մաս։

«Հայկական կողմը շարունակում է առաջ մղել զորքերի հայելային հետքաշման թեզը, որը բնավ չի բխում մեր պետության շահերից, քանզի ավելի է թուլացնում բանակցային մեր դիրքերը։ Փաստորեն, ադրբեջանական զորքերի ակնհայտ ներթափանցման իրողությունը վերածվում է սահմանային վեճի», – ասաց ադրբեջանագետը։

Անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովի ստեղծման խնդրին` Հայրապետյանն ընդգծեց, որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Սոչիում, և հայտնի հայտարարության տեքստում կա նման հանձաժողով ստեղծելու մասին կետ, ուստի նախատեսվում էր այդ գործընթացն առաջ տանել, բայց վերջին էսկալացիայից հետո, երբ հայկական կողմը նորից հայելային հետքաշման իր առաջարկն արեց, Ադրբեջանը պատասխանեց, թե անընդունելի է համարում Հայաստանի նախապայմանները։

«Ստեղծված իրավիճակում հայկական կողմը պետք է առնվազն ցույց տա, որ պատրաստ է և ունակ է իր տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը ապահովել, չեզոքացնել սպառնալիքները և շատ ավելի հստակ օրակարգերով աշխատել միջազգային գործընկերների հետ»,– նշեց ադրբեջանագետը։

Ըստ Հայրապետյանի` վերջիններս հաճախ չեն հասկանում, թե մենք ինչ ուղղությամբ ենք գնում և ինչ բովանդակության մասին է խոսքը, քանի որ մի կողմից արվում են թվացյալ կառուցողական առաջարկներ, բայց մյուս կողմից դրանք մեծ հաշվով վնասում են մեր պետականությանը` արձակելով Բաքվի ձեռքերը, հետևաբար պետք է փորձել միջնորդների հետ ճիշտ աշխատանքի միջոցով հարկադրել Ադրբեջանին, որպեսզի վերադառնա կառուցողական հուն։

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ–ն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, թե Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները սահմանազատումը սկսելու հարցում:

«Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի: Խոսքը պայմանավորվածությունների մասին է: Նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ կողմերը պայմանավորվել են «քայլեր ձեռնարկել ադրբեջանահայկական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձևավորում»,- նշել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Նա հավելել է, որ այդ պայմանավորվածությունը վերահաստատվել և զորքերի հետքաշման գործընթաց սկսելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում:

 

armeniasputnik.am