Հունվար 22, 2022 17:26 Asia/Tehran
  • Պուտինն ու Փաշինյանը հեռախոսով քննարկել են ՀԱՊԿ շրջանակում հետագա փոխգործակցության հեռանկարները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ՀԱՊԿ շրջանակում հետագա փոխգործակցության հեռանկարները։

Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։  

«Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի ընթացիկ նախագահությունը՝ քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում հետագա համագործակցության հեռանկարները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պուտինն ու Փաշինյանը քննարկել են նաեւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունները։

Զրույցի ընթացքում նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը։

Պուտինը Փաշինյանի խնդրանքով նրան տեղեկացրել է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների հետ ՌԴ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների ընթացքի մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Փաշինյանի խնդրանքով ՌԴ նախագահը հակիրճ տեղեկացրել է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների հետ Ռուսաստանի Դաշնության անվտանգության երաշխիքների հարցով բանակցությունների ընթացքի մասին»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Պիտակ