Հունվար 24, 2022 20:43 Asia/Tehran
  • Ինչու ՀՀ-Իրան երկաթգիծը փոխարինվեց Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ գծով

Անկախության տարիներին առաջ քաշված Հայաստան–Իրան երկաթգծի կառուցման ծրագիրն ավելի շատ մեքենայություն էր, քան իրական ծրագիր։

Այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ինչու անկախության տարիներին պարբերաբար հնչեցվող ՀՀ- Իրան երկաթգծի կառուցման ծրագիրը փոխարինվեց ՀՀ - Ադրբեջան ծրագրով։

«Դա մի քանի միլիարդ դոլարի ծրագիր է։ Այդպիսի ծրագրերն առանց տնտեսական հիմանվորվածության տեղի չեն ունենում։ Ես դեռ հեղափոխությունից առաջ այդ թեմայի շուրջ հետաքննություն էի սկսել։ Այդտեղ ինչ-որ գործողություններ էին արվել, ու ավելի շատ տպավորություն կար, որ դա ավելի շատ մեքենայություն էր, քան իրական ծրագիր։ Պետք է հասկանանք, որ ամեն ինչ չէ, որ ասվում է, դա իրագործելի է»,- ասաց Փաշինյանը։

Ներկայիս քննարկվող նախագիծը, ըստ Փաշինյանի, Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի կառուցման մասին է, որը, նրա դիտարկմամբ, այնքան էլ ծախսատար չէ։

Վարչապետը չբացառեց, որ այդ նախագծի իրականացման համար նույնիսկ ՀՀ պետական բյուջեից ներդրում անելու անհրաժեշտություն կարող է չլինել, քանի որ դրանով հետաքրքրված են եվրոպական ընկերությունները կամ Հարավկովկասյան երկաթուղին։

«Գործնականում այդ երկաթուղում կառուցման նախապատրաստական աշխատանքները սկսված են»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ մնում է այն արձանագրել թղթի վրա։

Նշենք, որ դեկտեմբերի 28-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման արժեքը Հայաստանի տարածքում կկազմի շուրջ 226 մլն դոլար։

Մեղրիի տարածքի աշխատանքները, ըստ նախնական տվյալների, կարժենան մոտ 221 մլն դոլար, մոտ 5 մլն դոլար էլ կպահանջվի Երասխի հատվածի վերականգնման համար:

Փաշինյանը շեշտեց, որ այս նախագծով միմյանց հետ են կապվում ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև Իրանն ու դրա տարածքով նաև Ռուսաստանը։

«Դա նշանակում է կոմունիկացիաների բացում։ Որ բեռներն անցնեն ՀՀ և Ադրբեջանի տարածքում ու և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին տրանզիտային վճարներ վճարեն։ Իրականում, երբ կոմունիկացիաների բացման թեմայից խոսում ենք, մենք կենտրոնանում ենք Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապի վերականգնման վրա։ Դա գուցե հարցի զգայուն, բայց ոչ ամենակարևոր կողմն է։ Խոսքը Հայաստանի ու Ադրբեջանի համար տրանզիտային հսկայական հոսքերի մասին է` Պարսից ծոցից դեպի Սև ծով, Եվրոպայից, Թուրքիայից ու Միջին Արևելքից դեպի Ռուսաստան»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետի դիտարկմամբ, այս կոմունիկացիաների բացման նախագիծը կարող է խաղաղության օրակարգի հիմք դառնալ։

armeniasputnik.am

Պիտակ