Մայիս 14, 2022 13:01 Asia/Tehran
  • Մարուքյանը հրապարակել է ՀՀ-ի՝ Ադրբեջանին ներկայացրած 6 կետը

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հրապարակել է Հայաստանի կողմից Ադրբեջանի առաջարկներին ի պատասխան ներկայացված 6 կետը: Նա ասել է, որ լիազորված է դա անելու։

1-ին կետով նշվում է, որ ՀՀ-ն մարտի 11-ին ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկը, ինչին և պատասխանում է։

2-րդ կետում ասվում է, որ ՀՀ-ն երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։

3-րդում, որ հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորումը, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը։

4-րդում, որ հայկական կողմը կարևորում է ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները, մասնավորապես՝ ռազմագերիների վերադարձը, կոմունիկացիաների բացումը։

5-րդում, որ հայկական կողմը պատրաստ է բանակցություններ սկսել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու շուրջ՝ միջպետական հարաբերությունների հաստատման համար ՄԱԿ կանոնադրության և այլ միջազգային փաստաթղթերի հիման վրա։

6-րդում, որ համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

Մարուքյանը, արձագանքելով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, թե Հայաստանի ներկայացրած կետերը դժվար է առաջարկներ անվանել, ասել է, որ դա չի տեղավորվում դիվանագիտական էթիկայի մեջ։

Հատուկ հանձնարարություններով դեսպանն ասել է նաև, որ Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվածություն է եղել բանակցություններ սկսել Ադրբեջանի 5 կետի և ՀՀ 6 կետի համատեքստում։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ավելի վաղ հայտարարել է, որ Հայաստանի առաջարկած փաստաթուղթը ոչ մի կերպ չի կարելի «առաջարկություններ» անվանել։ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովն իր հերթին ասել է, որ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններն անցկացվելու են Ադրբեջանի առաջարկների հիման վրա։

Ավելի վաղ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցին, հայտարարել էր, որ Ադրբեջանի 5 կետին եղել է Հայաստանի 6 կետանոց պատասխանը։ Նա, սակայն, չէր հրապարակել կետերի բովանդակությունը և նշել, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը նշանակում է, որ պետք է նաև ԼՂ հիմնախնդրի լուծում գտնվի։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ