Մայիս 16, 2022 09:51 Asia/Tehran
  • Երևանի Շիրազի փողոցում ոստիկանությունը փակել է ավտոերթի ճանապարհը

Երևանի Շիրազի փողոցում ոստիկանությունը փակել է ընդդիմության կազմակերպած ավտոերթի ճանապարհը։

Այս պահին ակցիայի մասնակիցները պահանջում են բացել փողոցը` սպառնալով հակառակ դեպքում իրենց ավտոմեքենաներով փակել ամբողջ փողոցը։

Ներկա պահին երթը կանգնած է։

Նշենք, այսօր վաղ առավոտից նախատեսված անհնազանդության ակցիաները ժամը 08։00-ից մեկնարկել են Երևան մտնող հիմնական մայրուղիներից` Աշտարակի, Արգավանդի, Արտաշատի, Սևանի և Արինբերդի ավտոճանապարհներից։

Այս պահին ավտոերթերի մասնակիցները շարժվում են դեպի Երևան` ժամանակ առ ժամանակ կանգ առնելով ու դժվարություններ ստեղծելով երթևեկության համար։

Նախօրեին շարժման առաջնորդներից մեկն ասել էր, որ առավոտյան ժամը 8-ից կստեղծվեն նաև առնվազն 80-100 խմբեր, որոնք կթողնեն իրենց առօրյա աշխատանքն ու դուրս կգան փողոց։

Երևանում ու նաև որոշ մարզերում արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ ընդդիմությունը հանրահավաքներ ու բողոքի տարբեր ակցիաներ է անցկացվում։

Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։

Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։

Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։

Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։

armeniasputnik.am

Պիտակ