Մայիս 17, 2022 20:43 Asia/Tehran
  • Պուտին-Գուտերեշ վեճն ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության մասին

Ի՞նչ է նշանակում Արցախի համար՝ Ռուսաստանի նախագահը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հրապարակային վիճեցին Ուկրաինայի մասին՝ բացելով պանդորայի արկղն ազգերի և պետությունների համար։

Ամեն ինչ սկսեց Անտոնիո Գուտերեշը՝ ասելով․ «Մենք համոզված ենք, որ ցանկացած երկրի տարածքային ամբողջականության խախտումն ամբողջությամբ չի համապատասխանում ՄԱԿ-ի կանոնադրությանը: Եվ մենք կարծում ենք, որ եղել է ներխուժում Ուկրաինայի տարածք»:

Վլադիմիր Պուտինը համբերատար սպասեց մինչև Գուտերեշն ավարտի խոսքը՝ հումանիտար հարցերի, Մարիուպոլի մասին։ Ինչից հետո Ռուսաստանի նախագահը տվեց ինքնորոշման իրավունքի իրացման այնպիսի բացատրություն, որը նախադեպ է ոչ միայն Դոնբասի հանրապետությունների համար:

«Նախ՝ ներխուժման մասով։ Եվ այսպես՝ ես շատ լավ ծանոթ եմ, ինքս եմ կարդացել ՄԱԿ-ի միջազգային դատարանի բոլոր փաստաթղթերը Կոսովոյում իրավիճակի մասին: Հրաշալի հիշում եմ միջազգային դատարանի որոշումը, որում գրված է՝ ինքնորոշման իրավունքն իրացնելիս այս կամ այն տարածքը՝ որ երկրի ուզում է լինի, պարտավոր չէ դիմել այդ երկրի կենտրոնական իշխանությանը՝ ինքնիշխանություն հայտարարելուց առաջ թույլտվություն ստանալու համար։ Ուրեմն Դոնբասի հանրապետությունները՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունն ունեն ճիշտ այդպիսի իրավունք՝ չդիմելով Ուկրաինայի կենտրոնական իշխանությանը հայտարարել իրենց ինքնիշխանության մասին: Որովհետև նախադեպը ստեղծված է», – ասաց Պուտինը՝ հատուկ ընդծելով, որ միջազգային դատարանի այս որոշումը պաշտպանել են բոլորը, այդ թվում՝ Վաշինգտոնը:

Գուտերեշի հակադարձումը, որ ՄԱԿ-ը չի ճանաչել Կոսովոն, Պուտինին դրդեց ասել նույնիսկ ավելին․ «Ճանաչել է ՄԱԿ–ի միջազգային դատարանը։ Եվ աշխարհի շատ երկրներ, ներառյալ մեր հակառակորդները՝ Կոսովոյի պարագայում: Կոսովոն ճանաչել են արևմտյան շատ երկրներ: ՉԷ որ դա փաստ է: Ճիշտ նույնը մենք ենք արել Դոնբասի հանրապետությունների պարագայում»։

Եվ հիմա ինքնորոշման իրավունքի մասին Ռուսաստանի նախագահի պնդումները կարող են ընկալվել նույնիսկ ավելի լայն համատեքստում, քան Դոնբասի հանրապետություններն են։ Ներառյալ Արցախի ինքնորոշում։ Ըստ Պուտինի բերած օրինակի տրամաբանության՝ արցախահայությունն ունի ճիշտ նույն իրավունքը՝ չդիմելով Ադրբեջանի կենտրոնական իշխանությանը՝ հայտարարել ինքնիշխանության մասին, ինչն էլ արել է։

Մյուս կողմից, սա կարող է լինել Պուտինի պատասխանն Ադրբեջանին, որի իշխանությունն Ուկրաինայի հարցում թեև առերևույթ դրսևորում է հավասարակշռություն, բայց իրականում պետական վերահսկողությամբ գործող ադրբեջանական մեդիան կցված է Ուկրաինայի պետական քարոզչությանը։ Եվ կա տեղեկություն, որ Բաքուն գնացել է նույնիսկ ավելի հեռու՝ Ուկրաինայում գտնվող Ադրբեջանի պետական նավթային ընկերության նավթագազալցակայաններն էլ վառելիքով են ապահովում Ուկրաինայի բանակին։

Բացի այդ, Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը վերջին մեկ ամսում երկու անգամ մեղադրել է Ռուսաստանին Հայաստանին զինելու՝ 4-5 միլիարդ դոլարի զենք տալու մեջ։ Ալիևն ուղիղ չի նշել Ռուսաստանի մասին, բայց օգտագործել է «Հայաստանի հովանավոր» եզրը և նշել, որ Հայաստանին տրվել են վարկեր այդ ռազմատեխնիկան գնելու համար։ Հայտարարված փաստ է, որ Հայաստանը վարկով ռազմատեխնիկա ձեռք է բերել Ռուսաստանից։

Եվ ռուս–ադրբեջանական հարաբերությունների խութերից մեկն էլ Արցախում տեղակայված խաղաղապահներն են, որոնց դեմ Բաքուն պետական համակարգմամբ, բայց լրագրողների և քաղաքագետների կատարմամբ արշավ է իրականացնում։ Բաքվի հակառուսական այս բոլոր գործողություններից հետո ինքնորոշման իրավունքի մասին Ռուսաստանի նախագահի հայտարարություններն առաջին ծանրակշիռ պատասխանն են Իլհամ Ալիևին։ Եվ կարող են ուրվագծել նաև Արցախի ու արցախահայության ապագան՝ առանց Ադրբեջանի։

panarmenian.net

Պիտակ