Մայիս 20, 2022 19:47 Asia/Tehran
  • Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չի կարող դառնալ. Գերագույն հոգևոր խորհուրդ

Գերագույն հոգևոր խորհուրդը` Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում արձանագրում է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են իրենց թշնամական վերաբերմունքը Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի հանդեպ:

Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը պարբերաբար սադրանքներ է հրահրում Հայաստանի և Արցախի սահմաններին, թիրախավորում խաղաղ բնակչությանը, շարունակում պահել ռազմագերիներին, իր վերահսկողության տակ հայտնված տարածքներում ոչնչացնում և յուրացնում հայկական հոգևոր ու մշակութային ժառանգությունը։

«Աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում ՀՀ իշխանություններին և համազգային կառույցներին հարկ է զգոնություն դրսևորել, որպեսզի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չդառնա։ Խաղաղությունը չի կարող հաստատվել ազգային արժանապատվության նվաստացման հաշվին, հայրենի պետության տարածքային ամբողջականության հանդեպ չդադարող ոտնձգությունների, ռազմագերիների առկայության, Ադրբեջանի շարունակական սպառնալիքների և հայատյացության քարոզչության պայմաններում։ Խաղաղությունը պետք է հիմնվի արդարության, արժանապատվության և իրավունքների հարգման սկզբունքների վրա»,– նշում է խորհուրդը։

Հոգևոր խորհուրդը նաև մտահոգություն է հայտնում ՀՀ ներքաղաքական զարգացումներով` հորդորելով Հայաստանում, թե սփյուռքում ամեն ջանք գործադրել` զորացնելու ազգային միաբանությունը, վերացնելու պառակտող հատվածականությունը։

Հոգևոր այրերը քաղաքացիներին կոչ են անում` անկախ քաղաքական հայացքներից և ունեցած պաշտոնից, ներքաղաքական գործընթացներում, խաղաղ հավաքների ժամանակ դրսևորել հանդուրժողականություն, օրինապահություն` բացառելով որևէ տեսակի բռնություն, անհամաչափ ուժի կիրառում, սադրանք և օրինախախտություն։

«Ատելության խոսքը, վիրավորանքը և թշնամանքի հրահրումը երբեք բարիք չեն կարող լինել»,– ասված է հայտարարության մեջ։

Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է անում սփյուռքին սատար լինել Արցախի զորացմանը, խաղաղ ու ապահով կյանքին։

Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։

Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։

Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։

Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։

armeniasputnik.am

Պիտակ