Մայիս 23, 2022 13:33 Asia/Tehran
  • Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը։ Տեղեկությունը հայտնում է նախագահի աշխատակազմը` հավելելով, որ Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվում է Շվեյցարիայում՝ համաժողովին մասնակցելու նպատակով:

Համաշխարհային տնտեսական համաժողովն այս տարի նվիրված է «Պատմությունը շրջադարձային կետում. կառավարությունների քաղաքականությունը և բիզնես ռազմավարությունները» թեմային:

Համաժողովի ընթացքում, մասնավորապես, կքննարկվեն անվտանգության և հրատապ հումանիտար խնդիրները, համաճարակից հետո տնտեսության վերականգնումը։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջացած երկամյա ընդմիջումից հետո համաժողովն առաջին անգամ անցկացվում է ոչ առցանց ռեժիմով։

Հավելենք, որ համաշխարհային տնտեսական համաժողովի քննարկումներին կմասնակցեն կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գործարար համայնքի ավելի քան 2000 ներկայացուցիչներ, այդ թվում՝ 50 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ։

Դավոսի համաժողովի շրջանակներում նախատեսվում են Խաչատուրյանի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ:

Հիշեցնենք, որ նախորդ տարի հունվարի 25-ին մեկնարկած համաժողովն առցանց էր անցկացվում` կորոնավիրուսի համավարակի պատճառով։

 

Պիտակ