Մայիս 25, 2022 19:25 Asia/Tehran
  • Մեր և Ադրբեջանի սկզբունքները պետք է խաղաղության պայմանագրի հենասյուները լինեն. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի առաջարկած սկզբունքները պետք է դառնան խաղաղության պայմանագրի ընդհանուր հենասյուները։ Կառավարության հետ հարցուպատասխանին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին։

Նշենք, որ թեև բրյուսելյան հանդիպումից հետո ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ չկար խաղաղության պայմանագրի համար Ադրբեջանի առաջարկած 5 կետերի մասին որևէ հիշատակում, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե խաղաղության բանակցությունների համար հիմնական դեր են խաղալու իրենց 5 սկզբունքները։

«Մի քիչ գուցե ոչ ճշգրիտ և անհասկանալի է ձևակերպված, բայց իրականում խոսքն այն մասին է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջարկած սկզբունքները պետք է դառնան խաղաղության պայմանագրի ընդհանուր հենասյուները։ Կա կարևոր բանավեճ միջազգային հանրության շրջանում, որը հասել է ՀՀ։ Հիմա կա հարցադրում, թե արդյոք խաղաղության օրակարգը կամ հարաբերությունների կարգավորման թեման պե՞տք է լուծի ԼՂ հիմնախնդիրը, թե՞ այն պետք է տարանջատվի և դիտվի որպես առանձին հարց»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանն ասում է, թե իրար նկատմամբ տարածքային պահանջներ չպետք է լինեն, ինչը հայկական կողմի համար ընդունելի է, քանի որ ԼՂ հարցը երբեք տարածքային խնդիր չէ, այլ իրավունքի։ Ըստ Փաշինյանի` ԵՄ նախագահի հայտարարության մեջ հղում է արված իրավունքին` այդ ենթատեքստն ընդգծելու համար։

«Ընդդիմության ներկայացուցիչները զարգացնում են այն օրակարգը, որ հարաբերությունների կարգավորման օրակարգը պետք է տարանջատել ԼՂ կարգավորման օրակարգից։ Սա լեգիտիմ և գոյության իրավունք ունեցող տեսակետ է. այս ընթացքում պետք է քննարկումներ ունենանք, սակայն ցավոք, ընդդիմադիրները հրաժարվում են քննարկումներից։ Արցախի իշխանությունների հետ ենք քննարկում, թե այս ճամփաբաժանին որ մոտեցումն է ավելի լավը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը վստահեցրեց, որ ինքն իր դիրքորոշումն ունի, բայց կարծում է, որ այդ հարցը կորոշակիացնեն ավելի լայն շրջանակների հետ քննարկումներից հետո, և Արցախի դիրքորոշումն էական է լինելու։

Հարցին, թե խաղաղության բանակցությունները երբ են սկսվելու, վարչապետը պատասխանեց, որ այժմ բանակցություններ ընթանում են ձևաչափի, պարամետրերի համար։ Նրա խոսքով` երկու երկրների ԱԳ նախարարություններն աշխատում են իրար հետ, քանի որ կան հարցեր, որոնք էական են։

armeniasputnik.am