Մայիս 26, 2022 19:02 Asia/Tehran
  • Թուրք գործընկերները հարաբերությունների կարգավորումը որոշակիորեն սինքրոնացնում են հայ-ադրբեջանական գործընթացի հետ. Միրզոյան

Թեև հանրային խոսքի մակարդակում ասվում է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացն առանց նախապայմանների է, սակայն թուրք գործընկերները որոշակիորեն սինքրոնացնում են այս գործընթացը հայ-ադրբեջանական գործընթացի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Թագուհի Ղազարյանի հարցին, թե արդյոք հավանական է, որ առաջիկայում հանդիպում տեղի ունենա Հայաստանում կամ Թուրքիայում:

Միրզոյանն ասաց, որ այդքան մեծ կարևորություն չի տալիս հանդիպման վայրին: Նա չբացառեց, որ ինչ-որ պահի, երբ գործընթացն արդեն շոշափելի հաջողություններ սկսի արձանագրել, այդպիսի հանդիպումներ լինեն նաև Անկարայում և Երևանում:

«Այս պահին կարող եմ ասել, որ ցավալիորեն, որքան էլ, որ հանրային խոսքի մակարդակում ասվում է, որ գործընթացն առանց նախապայմանների է, այնուամենայնիվ, մեր թուրք գործընկերները որոշակիորեն սինքրոնացնում են այս գործընթացը Ադրբեջանի հետ մեր ունեցած գործընթացի հետ կամ նարատիվի մաս են դարձնում դա՝ նախապայման չդարձնելով: Սա, իհարկե, կառուցողական հավելյալ արժեք չի հաղորդում գործընթացին և ավելի կառուցողական չի դարձնում մթնոլորտը»,-ասաց Միրզոյանը:

Քննարկումները շարունակվում են: ԱԳ նախարարի խոսքով՝ այս պահին որևէ էական, շոշափելի արդյունք, ցավոք, չկա: Նա վերահաստատեց, որ հայկական կողմը հաստատակամ և անկեղծ է իր հրապարակային հայտնած դիրքորոշման մեջ, հետաքրքրված է սահմանի բացմամբ և հարաբերությունների հաստատմամբ ու կցանկանար նույնը տեսնել նաև Թուրքիայից: ԱԳ նախարարը նշեց, որ նաև Թուրքիայի ԱԳ նախարարի ժեստերը չեն նպաստում այդ գործընթացին:

armenpress.am

 

Պիտակ