Հունիս 29, 2022 15:27 Asia/Tehran
  • Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին օգնել է համաձայնության գալ «Զանգեզուրի միջանցքով» ավտոմայրուղու շուրջ, մնում է համաձայնեցնել 6 կիլոմետրանոց փոքր հատվածը. Известия

Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին օգնել է համաձայնության գալ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով» ավտոմայրուղու շուրջ, մնում է համաձայնեցնել 6 կիլոմետրանոց փոքր հատվածը։

Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է իրազեկ բարձրաստիճան աղբյուրը։ Նրա խոսքով՝ ռուսական «Ավտոդոր»-ը կօգնի ավարտել երթուղու համակարգումը, ձգձգումը պայմանավորված է տեղանքի լեռնային ռելիեֆով։ Երթուղու մնացած 40 կմ-ում կօգտագործվեն հին խորհրդային ճանապարհներ։ Աղբյուրը նշել է, որ Երևանն արագացրել է նախագծի հաստատումն այն բանից հետո, երբ Բաքուն սկսել է մտածել երթուղի կառուցել ոչ թե Հայաստանով, այլ Իրանով։

«Իզվեստիա»-ի հետ զրուցած քաղաքական գործիչներն ու փորձագետները կարծում են, որ միջանցքի բացման հետաձգման հիմնական պատճառը երկու կողմերի միջև վստահության բացակայությունն է և եռակողմ համաձայնագրերի տեքստերի ընթերցման տարբերությունը։

Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ բանակցություններն ընթանում են երեք երկրների փոխվարչապետների (գումարած Ռուսաստանի) մակարդակով, նրանց վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 3-ին։ Ապաշրջափակում նշանակում է Սյունիքի մարզում Հայաստանի և Իրանի հարավային սահմանի երկայնքով տրանսպորտային միջանցքի կառուցում։ Այն Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի Ինքնավար Մարզի հետ։

Ինչպես հայտարարել է «Իզվեստիա»-ի բարձրաստիճան աղբյուրը, չնայած «երկու կողմերի բավական կոշտ քաղաքական հայտարարություններին, Բաքվի և Երևանի միջև Մոսկվայի միջնորդությամբ կառուցողական երկխոսություն է սկսել տրանսպորտային միջանցքի շուրջ»։

«Ադրբեջանն ու Հայաստանը վաղուց են պայմանավորվել դեպի Նախիջևան երկաթուղային միջանցքի շուրջ՝ դեռ անցյալ տարվա աշնանը։ Սակայն Երևանը երկար դադար է վերցրել մայրուղու հարցով։ Բայց հունիսի 3-ին փոխվարչապետների վերջին հանդիպմանը նրանք կարողացել են պայմանավորվել ապագա երթուղու շուրջ, բացառությամբ բացակայող 6 կիլոմետրանոց հատվածի։ Այնտեղ լեռներ են, և ռուսական «Ավտոդոր»-ը փորձագետներ է ուղարկում այնտեղ՝ պարզ ինժեներական լուծում առաջարկելու համար»,- պարզաբանել է աղբյուրը։

Երթուղին հայկական կողմից կանցնի Արաքս գետի երկայնքով։ Մնացած հատվածում, ըստ զրուցակցի, կօգտագործվեն հին խորհրդային ճանապարհները, որոնք մինչ 1992 թվականը Նախիջևանը հայկական տարածքով կապում էին  Զանգելանի (Կովսական) շրջանի հետ։ Դրանք պահպանվել են ապագա միջանցքի գրեթե ողջ երկայնքով, մնացել է միայն Նախիջևանի շրջանի և Հայաստանի սահմանին մի հատված, պարզաբանել է աղբյուրը։

«Իզվեստիա»-ի զրուցակիցը մանրամասնել է, որ հայկական կողմն արագացրել է բանակցային գործընթացը այն բանից հետո, երբ Բաքուն այս տարվա մարտին Թեհրանի հետ հուշագիր է ստորագրել՝ Ադրբեջանի Արևելյան Զանգեզուր տնտեսական շրջանից դեպի Նախիջևան Իրանի տարածքով ճանապարհ բացելու մտադրության մասին։

2021 թվականի մայիսին Ադրբեջանն ավարտել է Ջուլֆա-Օրդուբադ երկաթուղային գծի շինարարությունը, որը Նախիջևանից հարում է Հայաստանի սահմանին։ 2022 թվականի մարտին Հայաստանը միջոցներ է հատկացրել գեոդեզիական աշխատանքների համար՝ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու իր հատվածի կառուցման համար։ Երկաթուղու հայկական հատվածի երկարությունը կկազմի 45 կմ, նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այդ նպատակով Երևանը 200 մլն դոլար կհատկացնի Նախիջևանից մինչև Ադրբեջանի հիմնական հատված երկաթուղային գծերի ընդհանուր երկարությունը կկազմի մոտ 340 կմ:

tert.am

Պիտակ