Հունիս 30, 2022 20:24 Asia/Tehran
  • ՌԴ–ում հայաստանցիների վարորդական վկայականը ճանաչելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Ռուսաստանի Պետդուման այսօր կայացած նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է, որ Հայաստանում ստացած ազգային վարորդական իրավունքները կարող են ընդունվել նաև ՌԴ–ի կողմից։ Խոսքն այն վարորդների մասին է, որոնք ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն են իրականացնում ՌԴ–ում։

«Նախագծվող փոփոխությունները նախատեսում են Ռուսաստանի Դաշնության տարածքում ՀՀ քաղաքացիների վարորդական վկայականների ճանաչում ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս, որը կապված է տրանսպորտային միջոցների կառավարման հետ»,–ասվում է բացատրական գրության մեջ:

Ներկայում Ռուսաստանում նման կարգավորում է գործում Ղրղզստանի քաղաքացիների և այն պետությունների քաղաքացիների նկատմամբ, որոնց օրենսդրությունն ամրագրում է ռուսերենը որպես պաշտոնական լեզու:

Հիշեցնենք` ապրիլին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի կառավարությունն օրինագիծ է ներկայացրել Պետդումա, որով նախատեսվում է ճանաչել ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների վարորդական վկայականները` ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պլանավորվում է քննարկել «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին «Դաշնային օրենքի 25-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին» դաշնային օրենքի նախագիծը:

Նշենք, որ այս հոդվածով սահմանվում է տրանսպորտային միջոցների կառավարման արգելքը` օտարերկրյա ազգային կամ միջազգային վարորդական վկայականների հիման վրա, երբ իրականացվում է ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն, որն անմիջականորեն կապված է տրանսպորտային միջոցների կառավարման հետ:

 

Պիտակ