Հուլիս 04, 2022 22:54 Asia/Tehran
  • Իրանական բեռնատարները վերսկսել են երթևեկությունը Կապան-Գորիս մայրուղով

Իրանական բեռնատարները որոշակի դադարից հետո վերսկսել են երթևեկությունը Կապան-Գորիս մայրուղով:

2020թ.-ի դեկտեմբերին` Սյունիքում հայկական ուժերի հետքաշումից հետո, ադրբեջանական ուժայինները (զինվորականներ, սահմանապահներ, ոստիկանություն) վերահսկողություն հաստատեցին Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրի վրա․ դա Իրանն ու Հայաստանը կապող հիմնական մայրուղին էր։ Որպես այս ճանապարհին այլընտրանք Հայաստանի իշխանությունները սկսեցին Շինուհայր-Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհահատվածի արագընթաց շինարարությունն ու վերանորոգումը, քանի որ արդյունքում ադրբեջանական իշխանությունները վերջնականապես փակեցին երթևեկությունը հայկական մեքենաների համար։ Մյուս երկրների քաղաքացիներից, որոնք անցնում էին այդ ճանապարհով (հիմնականում՝ Իրանի և Վրաստանի) ադրբեջանցի մաքսավորները սկսեցին տուրք գանձել`130-280 ԱՄՆ դոլար՝ մեկ մեքենայի մեկ ուղղությամբ ընթացքի համար։ Ճանապարհի այն հատվածներում, որտեղ հայկական և ադրբեջանական անցակետերը հաջորդում են իրար, միջակայքում գտնվում են ռուս սահմանապահների անցակետերը։ Ճանապարհի հսկողությունն ուժեղացնելու համար շախմատային կարգով բետոնե բլոկներ են տեղադրվել։ Երկու ամիս առաջ իրանական բեռնատարները դադարել են երթևեկել այդ ճանապարհով, բայց տեղի բնակիչների փոխանցմամբ՝ արդեն մի քանի շաբաթ է, ինչ շարժը վերսկսվել է։ Ընդ որում, ավելի հաճախ են երթևեկում, քան նախկինում։ Վերջերս, օրինակ, մոտ 10 մեքենայից բաղկացած շարասյուն է անցել։ Իրանցի վարորդներից մեկը հայտարարել է, որ իրենք այլևս չեն վճարում ադրբեջանական անցակետում տարանցման համար, քանի որ «ունեն պահանջվող թուղթը»: Թե կոնկրետ ինչ թղթերի մասին է խոսքը, անհասկանալի է։

armeniasputnik.am

Պիտակ