Օգոստոս 07, 2022 13:45 Asia/Tehran
  • Ճանապարհի փակվելուց հետո ժամանակավորապես գրունտային հատվածով կփորձենք միանալ Հայաստան տանող մայրուղուն․ Հայկ Խանումյան

Դեպի Հայաստան տանող նոր երթուղու այն ճանապարհահատվածը, որն անցնում է Լաչինի միջանցքով, Հին շեն, Մեծ շեն, Կանաչ Թալա բնակավայրերով և հասնում մինչև ՀՀ սահման արդեն պատրաստ է։

Արցախի հանրային հեռուստատեսության հետ զրույցում ասել է  Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը՝ մանրամասներ ներկայացնելով այլընտրանքային ճանապարհով երթևեկության կազմակերպման և նոր ենթակառուցվածքների կառուցման վերաբերյալ։Նախարարի խոսքով՝ դեռևս պատրաստ չէ ՀՀ սահմանից Կոռնիձոր տանող 11 կիլոմետրանոց ճանապարհաhատվածը։

«Օգոստոսի 1-ին Հայաստանում տենդեր է կազմակերպվել, որի արդյունքում՝  երեք ընկերություններ կսկսեն ճանապարհահատվածի կառուցումը։ Ենթադրվում է, որ գործող ճանապարհի փակվելուց հետո, նոր երթուղու՝ Հայաստանի սահմանից 3-4 կիլոմետրանոց գրունտային հատվածով կփորձենք միանալ մայրուղուն՝ այս կերպ ժամանակավոր լուծում տալով խնդրին՝ մինչև հայաստանյան հատվածում ճանապարհը կառուցվի»,-մանրամասնել է Հայկ Խանումյանը՝ ընդգծելով, որ նոր երթուղին գործելու է միջանցքի տրամաբանությամբ։

«5 կիլոմետրանոց ճանապարհահատվածը ամբողջովին գտնվելու է ռուսական խաղաղապահ զորքերի հսկողության տակ։ Այնպես, ինչպես Բերձոր- Աղավնո միջանցքի դեպքում՝ այստեղ ադրբեջանական զորքեր կամ այլ ծառայողներ չեն լինելու»,-ընդգծել է նա։

Գերատեսչության ղեկավարի տեղեկատվությամբ՝ այլընտրանքային ճանապարհի հարևանությամբ պետք է կառուցվեն նաև Արցախը սնուցող ենթակառուցվածքները։

Նրա գնահատմամբ՝  ժամանակը սուղ է, բայց աշխատանքները կշարունակվեն նաև երթուղին փոխելուց հետո։

«Այս պահին այլընտրանքային այդ ճանապարհի երկայնքով  կապի և  բարձրավոլտ գծի անցկացման նախագծման աշխատանքներ ընթանում են, բայց այնպես չէ, որ ներկայում գործող ճանապարհի դեպքում բոլոր ենթակառուցվածքներն ամբողջությամբ անվտանգ տարածքով են անցնում։  Դրանց մեծ մասը, այժմ էլ, Ադրբեջանի  վերահսկողության տակ գտնվող տարածքներով է անցնում։ Հետևաբար, այս ամենը կարգավորելու համար անհրաժեշտ են  որոշակի ճկունություն, բանակցություններ, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորակազմի գործուն մասնակցությունը», նշել է Հ․ Խանումյանը՝ հավելելով, որ խաղաղապահների գործուն մասնակցությունն ակնկալվում է նոր երթուղին շահագործելիս։

Ըստ նախարարի՝ այն ամբողջապես պետք է գործի խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում։

Անդրադառնալով Ադրբեջանի հսկողության ներքո գտնվող տարածքներով անցնող ենթակառուցվածքների անվտանգության հարցին, ԱՀ ՏԿԵ նախարարը նշել է, որ թշնամին բավական մոտ է Արցախի  կենսական ենթակառուցվածքներին, բնակավայրերին, ճանապարհներին, ուստի նրա կողմից ոտնձգությունների մտավախություն միշտ էլ կա։ Այդուհանդերձ, հաշվի առնելով հավանական ու որոշակի սցենարները, դրանց պատրաստվելու համապատասխան աշխատանքներ նույնպես իրականացվել են ։

Ինչպես հայտնի է, Ադրբեջանն օրերս ռուս խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել մինչև օգոստոսի 25-ն ազատելու Լաչինի միջանցքը՝  ասելով, որ կառուցել է այլընտրանքային ճանապարհի իր հատվածը։

news.am

Պիտակ