Օգոստոս 10, 2022 17:06 Asia/Tehran
  • Ուջանում կանցկացվի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը

Օգոստոսի 21-28-ը ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան գյուղում կանցկացվի «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը։

Փառատոնի ծրագրում ընդգրկված է 30 վավերագրական ֆիլմ շուրջ 20 երկրից՝ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Սերբիայից, Շվեդիայից, Վիետնամից, Ֆրանսիայից և այլն։  Այն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ցերեկային ցուցադրությունները լինելու են Երևանում՝ Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում, իսկ երեկոյան ժամը 8-ից մինչև կեսգիշեր՝ Ուջանի այգում՝ բաց երկնքի ներքո։ Ամերիկահայ ռեժիսոր (նիդեռլանդաբնակ) և կինոտեսաբան Թինա Բաստաջյանը Հայաստանի ազգային գրադարանում հանդես կգա «Walking through the Interactive Documentary: Speculative Interfaces and Thresholds» դասախոսությամբ։

Բոլոր ֆիլմերը կցուցադրվեն հայերեն ենթագրերով։ Փառատոնի շրջանակում կգործի նաև Ուջանի կինոդպրոցը, որտեղ ուջանցի երեխաները, փառատոնի մասնագետների օգնությամբ կնկարեն կարճամետրաժ ֆիլմեր, որոնք կցուցադրվեն փակման արարողության ժամանակ։ Նշենք, որ դպրոցը գործում է 2019 թվականից։

Վիետնամից ժամանած ռեժիսոր և արտիստ Թհու Ան Նգույենը կվարի կոլաժի աշխատարան Ուջանի և հարակից գյուղերի նկարչական խմբակների երեխաների համար. ստեղծված կոլաժները կցուցադրվեն փառատոնի ավարտին։

Հայ և վրացի երիտասարդ կինոռեժիսորների համար հատուկ աշխատարան կվարի հոլանդացի կինոգործիչ Դիրք Վիլեմսենը:

Փառատոնի շրջանակում Ուջան ժամանած արտերկրյա շուրջ 30 հյուրերը մեկ շաբաթ կապրեն ուջանցիների տներում, կծանոթանան հայկական կենցաղին և մշակույթին:

panorama.am

 

Պիտակ