Օգոստոս 10, 2022 18:51 Asia/Tehran
  • Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը պրիմիտիվ հայտարարություններով փորձում է ճնշում գործադրել Երեւանի վրա․ Վարդան Ոսկանյան

Եթե Ադրբեջանը Իրանով դեպի Նախիջեւան տանող այլընտրանքային ճանապարհ ունի, ապա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելն անիմաստ է, սակայն Ադրբեջանի արտգործնախարարը պրիմիտիվ հայտարարություններով փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նա հիշեցրեց, որ ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես հետո Ադրբեջանն ու Նախիջեւանն արդեն կապվել են Իրանի միջոցով։ Ոսկանյանը պարզաբանեց, որ այժմ միայն մեկ փոփոխություն կա․ երթուղին ​​անցնում է 44-օրյա պատերազմի արդյունքում օկուպացված Ղարաբաղի տարածքով, իսկ Իրանի տարածքով անցնող ճանապարհի հատվածը կրճատվել է 100 կմ-ով։ 

Վարդան Ոսկանյանը նշեց, որ Իրանն իր տարածքով Ադրբեջանից Նախիջեւան տանող ճանապարհն ընկալում է որպես Ադրբեջանի եւ նրա ինքնավարության վրա ազդեցության լրացուցիչ լծակ։ «Այսպիսով, Թեհրանը փորձում է թուլացնել թուրք-ադրբեջանական ճնշումը Հայաստանի վրա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում։ Հասկանալի է, որ Բայրամովը չի կարող խոսել Իրանի տարածքով միջանցքի մասին»,-ընդգծեց Ոսկանյանը։

Նրա խոսքով՝ չի կարող լինել նաեւ Հայաստանի տարածքով Երեւանի ինքնիշխան վերահսկողությունից դուրս միջանցք։ «Պետք է հստակ հայտարարել, որ Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի տարածքով ոչ մի միջանցք չեն ստանա, քանի որ դա աղետալի հետեւանքներ կունենա Հայաստանի համար։ Ըստ էության, առաջարկվում է բացել Թուրանի միջանցքը, ինչպես այն անվանում էին ի սկզբանե թուրքերը, սակայն այն վերանվանվեց՝ հաշվի առնելով այս տերմինի նկատմամբ զգայունությունը Հայաստանում, Իրանում եւ Ռուսաստանում։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն նույնիսկ կառավարություն չունի։ Ինչպե՞ս կարելի է Բերձորը դատարկող մարմինը կոչել կառավարություն»,-եզրափակեց փորձագետը։

news.am