Օգոստոս 13, 2022 13:11 Asia/Tehran
  • Հայաստանը դիմել է Վրաստանին ծովային տրանսպորտն օգտագործելու խնդրանքով

Հայաստանի կառավարությունը դիմել Է Վրաստանին բեռնափոխադրման համար նավահանգիստներն օգտագործելու խնդրանքով։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Վրաստանը՝ վկայակոչելով Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությանը։

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է լաստանավային անցման արագ գործարկման մասին, որը կապելու է վրացական սևծովյան Փոթիի նավահանգիստը Ազովի ծովի ռուսական «Կովկաս» նավահանգստի հետ։

«Հայաստանի կառավարությունը դիմել Է Վրաստանի կառավարությանը Լարսին «որպես այլընտրանք» դիտարկել ծովային տրանսպորտի օգտագործումը Հայաստանից տեղափոխվող բեռների, մասնավորապես՝ սննդամթերքի, շուտ փչացող մթերքների ու բնահյութերի համար։ Հայաստանը, որն ուղիղ ելք չունի դեպի ծով, ավանդաբար օգտվում է Վրաստանի նավահանգիստներից»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Վրաստանը «Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առևտրի մասին» միջազգային կոնվենցիայի անդամ է: Այս կոնվենցիային համապատասխան՝ ծով ելք չունեցող պետությունները պետք է հավասար պայմաններ ունենան ծովափնյա երկրների հետ՝ դեպի ծով ազատ ելք ունենալու նպատակով։

Հիշեցնենք, որ Հայաստանի դիմումի պատճառ է դարձել Վրաստանի և Ռուսաստանի սահմանին միակ անցակետի ծանրաբեռնվածությունը։

Հավելենք, որ օրեր առաջ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն աշխատանքային այցով Վրաստանում էր։

armeniasputnik.am

Պիտակ