Օգոստոս 13, 2022 13:22 Asia/Tehran
  • Հայկական հագուստը կէժանանա, կարողի աշխատավարձն էլ կբարձրանա՞. ինչ է նախատեսել պետությունը

Հայաստանի կարի ոլորտն այլևս չի կարող մրցունակ լինել ցածր աշխատավարձերի հաշվին։ Այստեղ անխուսափելիորեն կզիջենք Հնդկաստանին, Ուզբեկստանին կամ Բանգլադեշին։

Փոխարենը պետք է բարձրացնել արդյունավետությունը` պատրաստել նոր ինժեներական կադրեր (որոնք Հայաստանում շատ քիչ են, իսկ շատ ուղղություններով բացակայում են), ինչպես նաև` խրախուսել տեղական կտորի արտադրությունը. նման նախաձեռնություններ մասնավոր հատվածն արդեն իսկ ունի։ Աջակցության միջոցառումները ներկայացված են ոլորտային նոր ռազմավարությունում, որի մանրամասները Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

Ռազմավարության առանցքային նպատակն է ոլորտը պահպանել ոչ թե աշխատավարձերի խնայողության հաշվին, այլ արտադրողականության բարձրացման շնորհիվ։ Այդ նպատակին է ուղղված թե՛ նոր սարքերի, թե՛ մասնագետների ներգրավման աջակցությունը։ Մասնագետները կկարողանան նաև ավելի բարձր արժեքով աշխատանք կատարել. օրինակ` կարի պատվերներից բացի, արտադրել սեփական բրենդներով հագուստ, ինչպես նաև` մատուցել հագուստի դիզայներական և կոնստրուկտորական ծառայություններ։

Որտեղից հումք գնել

Անհրաժեշտ է կտոր ձեռք բերել ոչ միայն Թուրքիայից և Չինաստանից, ինչպես հիմնականում արվում է հիմա։ Հնդկաստանի, Եգիպտոսի, Ուզբեկստանի հետ անհրաժեշտ է ընդլայնել համագործակցությունը` ակտիվացնել պետական մարմինների և առևտրի պալատների աշխատանքը, ինչը թույլ կտա ստեղծել իրավական հիմքեր` հնարավոր առևտրային վեճերը կարգավորելու համար։

Ներկենք, ինչպես ուզենք

Հայաստանյան ներդրողներից մեկը պատրաստվում է ստեղծել կտորի արտադրություն։ Հայաստան կներկրվեն թելեր, որոնք տեղում կներկվեն ու կհյուսվեն` դառնալով կտոր։ Այս դեպքում տեղական կարի ֆաբրիկաները կկարողանան ցանկացած գույնի կտոր պատվիրել և արագ այն ստանալ։ Մինչդեռ հիմա, արտադրությունն անխափան պահելու համար, նրանք արտերկրից քիչ-քիչ բերում են տարբեր կտորներ ու ամիսներով «քնացնում» պահեստներում։

Անկարող են գտնել կարող

Կարի ֆաբրիկաներին պակասում են կարողներ, էլ ավելի` ինժեներներ և տեխնոլոգներ։

Նորեկ կարողների մեծ մասն ուսուցանվում է աշխատատեղում, այլ ոչ թե տեխնիկումներում (քոլեջներում)։ Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կրթության որակը բարելավելու համար էկոնոմիկայի նախարարությունը պատրաստվում է ծրագիր սկսել Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) հետ։

Ըստ այդ ծրագրի, Հայաստանի մեկ կամ մի քանի ուսումնարան նախատեսվում է կահավորել նոր սարքավորումներով, ընդ որում` ոչ միայն կարի մեքենաներով, այլև մյուս մանագիտությւնների գործիքներով ու հաստոցներով։ Ուսումնական պրոցեսն էլ նախատեսվում է կազմակերպել հայտնի գերմանական «երկակի ուսուցման» (դուալ) մոդելով, որտեղ, լսարաններից բացի, ուսանողները դասերի գրեթե կեսն անցկացնում են արտադրություններում։

«Առնվազն թեթև արդյունաբերության ընկերությունները պատրաստակամ են մասնակցել ծրագրին։ Այլ ոլորտներից` նույնպես։ Ասեմ իմ փորձից. չկա արդյունաբերության մի ճյուղ, որում ձեռնարկություններից չլսեի, որ նրանց անհրաժեշտ են մասնագետներ»,- ասում է Գևորգյանը։

Աշխատատեղում մասնագիտացմանն աջակցելու համար ոլորտի ռազմավարությամբ նախատեսվում է ևս մի ծրագիր. եթե ձեռնարկությունն ընդունի փորձ չունեցող աշխատողի, պետությունը մեկ տարի չի գանձի նրա եկամտային հարկը։ Սրա շնորհիվ բիզնեսը կհոգա նորեկի վրա կատարվող ծախսերը (քանի որ նա անխուսափելիորեն փչացնում է որոշ քանակի նյութեր կամ գործիքներ, իսկ վարպետները կտրվում են գործից` նրան սովորեցնելու համար)։

Աջակցության նման ծրագիր արդեն հայտարարված է Արցախյան պատերազմների մասնակիցների համար, հիմա այն նախատեսվում է տարածել (հնարավոր է` մշակող արդյունաբերության տարբեր ճյուղերի վրա)։

Ինչպես նշեցինք, Հայաստանում քիչ են թեթև արդյունաբերության ինժեներներն ու մեխանիկները, ինչպես նաև` տեխնոլոգները, որոնք պիտի արտադրությունը կազմակերպեն սահուն ու առանց ժամանակի կորուստների։ Իսկ արտադրողականության բարձրացումը, ինչպես վերը նշեցինք, ռազմավարության առանցքային նպատակն է։

«Հետևաբար, որքան քիչ աշխատողները ժամանակ կորցնեն, այնքան շատ կարտադրեն։ Դրանից ինքնաբերաբար կբարձրանան աշխատավարձերը, որոնք կարի ոլորտում հիմնականում գործարքային են»,- նշում է Գևորգյանը։

Արտասահմանյան փորձը վկայում է, որ այս հարցում չկան մանրուքներ. կարևոր է, թե ինչպես է կտորը (կամ շորի նախապատրաստվածքը) փոխանցվում մի սեղանից մյուսը, իրարից ինչ հեռավորության վրա են գտնվում սեղանները, կամ ինչպես են աշխատողները նստած։ Կարի արտադրական պրոցեսների տեխնոլոգներ մեզանում վերջին 30 տարում չեն պատրաստվել։

Մեկ այլ դեֆիցիտային մասնագիտություն է հագուստի կոնստրուկտորներինը` նրանք, ովքեր դիզայներների տված մոդելները համապատասխանեցնում են արդյունաբերության պահանջներին։

Պակասում են նաև ինժեներները, որոնք կհետևեն սարքերի աշխատանքին և կլուծեն տեխնիկական հարցեր։

Վերջապես, քիչ են որակի վերահսկողության մասնագետները։ Հայաստանի` եվրոպական պատվերներով աշխատող ֆաբրիկաներում նրանք հիմնականում հենց եվրոպացիներ են։

«Իհարկե, չի կարելի ասել, որ այս բոլոր մասնագիտություններով մենք ընդհանրապես տեղական մասնագետ չունենք, բայց պակասն ակնհայտ է»,- ընդգծում է Գևորգյանը։

Նախկինում, տարբեր միջազգային ծրագրերով, արտերկրի մասնագետներն անցկացնում էին վերապատրաստման կարճ դասընթացներ, սակայն հիմա անհրաժեշտ են լիարժեք` մեկ-երկու տարվա կրթական ծրագրեր, նշում է Գևորգյանը։ Այժմ Էկոնոմիկայի նախարարությունը բանակցում է աշխարհում ճանաչված մի շարք հայտնի տեխնիկական համալսարանների հետ, որպեսզի վերջիններս այստեղ բերեն ոչ թե մեկ-երկու դասախոսի, այլ մի ամբողջ ֆակուլտետ կամ բաժին` իրենց իսկ մասնագետներով։ Բուհերին ևս առաջարկվում է օգնություն. եթե նրանք հրավիրեն դասախոսներ` բարձր վարկանիշի համալսարաններից, պետությունը կփոխհատուցի վերջիններիս աշխատավարձի 70%-ը։

Ընթացքում անհրաժեշտ է հրավիրել նաև արտադրության մասնագետներին. պետությունը բիզնեսին կփոխհատուցի նրանց աշխատավարձի մինչև 1 միլիոն դրամը։

Ցուցահանդեսներ

Ցուցահանդեսներին կարելի է ոչ միայն ներկայացնել սեփական արտադրանքը, այլ նաև «որսալ» նոր սարքավորումներ` ձեռնտու պայմաններով անմիջապես արտադրողից և անձամբ բանակցել դրանց սպասարկման շահավետ պայմանների մասին։

Այդպիսի ցուցահանդեսներից մեկը ITMA-ն է, որն անցկացվելու է եկող տարի` Միլանում, ուստի նախարարությունը սկսում է հավաքագրել մասնակցության հայտեր` մասնակի ֆինանսավորման համար։

Մեկ այլ բիզնես ֆորում Միլանում կանցկացվի արդեն այս տարի (Emerging Talents Milan)։ Այնտեղ կգնան դիզայներներ և արտադրողներ, որոնք կկարողանան ստեղծել նոր ծանոթություններ, միգուցե նաև՝ նոր շուկաներ։ Իրացման աջակցության միջոցառումներ նախատեսված են նաև լայն շուկայի (mass market) արտադրողների համար, ընդ որում` ոչ թե մեկանգամյա, այլ` շարունակական։

Ոլորտի աջակցության համար նախատեսված են ևս մի քանի տասնյակ միջոցառումներ, որոնք զետեղված են կարի ոլորտի զարգացման ռազմավարությունում։ Բացի այդ, նման ծրագրեր կլինեն նաև կոշիկի և կահույքի արդյունաբերության համար։

armeniasputnik.am

Պիտակ