Օգոստոս 14, 2022 18:16 Asia/Tehran
  • Խոշոր պայթյուն «Սուրմալու» առևտրի կենտրոնում. կա մեկ զոհ և տուժածներ

Ժամը 16:30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 51-ի: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։ Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ» և «Իզմիրլյան» բժշկական կենտրոններում: Կա 1 զոհ:

hetq.am- 17։10 Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ժամը 16:30-ի դրությամբ  «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 51-ի:

Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ» և «Իզմիրլյան» բժշկական կենտրոններում:

Կա 1 զոհ:

17։05 «Էրեբունի» ԲԿ-ն հայտնում է, որ Սուրմալու առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել 13 տուժած: Նրանցից մեկը բժշկական կենտրոն է տեղափոխվել արդեն իսկ մահացած վիճակում: 12 տուժածները հոսպիտալացվել են, նրանց ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, կատարվել են անհրաժեշտ կլինիկալաբորատոր և գործիքային հետազոտություններ, նեղ-մասնագետների խորհրդատվություն: Հիվանդները հոսպիտալացվել են տարբեր բաժանմուքններում, ընդհանուր առմամբ բոլորի վիճակը գնահատվում է բավարար, որոշների վիճակը՝ միջին ծանրության է:

16։30 Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխվել է 10 անչափահաս, որոնք ստացել են առաջին բուժօգնությունը և դուրս են գրվել: Մեկ երեխա այս պահի դրությամբ գտնվում է բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները վիճակը գնահատում են բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

Եվս մեկ անչափահաս դիմել է «Շենգավիթ» ԲԿ, որը նույնպես առաջին բուժօգնությունից հետո դուրս է գրվել: Այս պահի դրությամբ տուժած միայն մեկ անչափահաս է ստացիոնար բուժում ստանում:

16։10 ԱԻՆ-ը հայտնում է, որ ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ և երեսունչորս տուժած։ Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում Է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը․ դեպքի վայրում են գտնվում ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը, ԱԻ նախարարի և ՓԾ տնօրենի տեղակալները։ Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են չորս տեղամասով․ աշխատանքներին ներգրավված են Երևանի քաղաքապետարանի տասնչորս ջրատար, ութ բեռնատար և երեք տրակտոր։ Պայթյունի հետևանքով տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, «Շենգավիթ», «Սուրբ Աստվածամայր» և «էրեբունի» ԲԿ-ներ։

Երևան քաղաքի և հարակից մարզերի ՓԾ ստորաբաժանումներում իրականացվում է ուժեղացված ծառայություն։ Հոսպիտալացված տուժածների վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ «911» թեժ գծի միջոցով։

15։58 «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնում է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված քաղաքացիներից մի քանիսը ստացել են առաջին բուժօգնություն և գնացել տուն, նրանցից միայն մեկը՝ 5-ամյա մի աղջիկ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։

15։45 Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պայթյունի հետևանքով 26 տուժած բուժօգնություն է ստանում տարբեր բժշկական կենտրոններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տուժածներ, որոնք տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Ժամը 15:00 դրությամբ՝ Շենգավիթ բժշկական կենտրոն է տեղափոխվել 14 տուժած, որից 5-ը ստացել է առաջին բուժօգնություն և դուրս գրվել: Պայթյունի հետևանքով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել 3, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ 4, «էրեբունի» ԲԿ՝ 4, Թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ 6 տուժած: Բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: Ցավոք, մեկ քաղաքացու կյանք հնարավոր չի եղել փրկել:

14։55 «Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ և քսան տուժած»,- հայտնում է ԱԻՆ-ը։ 

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը «Հետքին» հայտնեց, որ նկատի ունենալով, որ դեպքի վայրում այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են կատարվում՝ քննիչները դեռևս հնարավորություն չեն ունեցել դեպքի վայրի զննություն կատարելու:

14։50 Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ժամը 14։25-ի դրությամբ Շտապօգնություն ծառայության մեքենաներով մայրաքաղաքի հիվանդանոցներ են տեղափոխվել 11 տուժածներ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է Շտապօգնություն ծառայություն ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

14։39 Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Լևոն Սարդարյանը ֆեյբուքյան իր էջում գրել է, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։ ԱԻՆ-ի մասնագետնեն ու փրկարարները տեղում են և փորձում են փլատակների տակից դուրս բերել վիրավորներին։ Զոհերի մասին հստակ տեղեկատվություն դեռ չկա։

14։30 Առևտրի կենտրոնի աշխատողներից մեկը «Հետքին» հայտնեց, որ հրավառությունների համար նախատեսված նյութերի պահեստն է պայթել, իսկ տուժածները տեղափոխվել են «Երևան» Բժշկական Կենտրոն։

14։23 Դեպքի վայր օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս տաս մարտական հաշվարկ։

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։ 

Պիտակ