Օգոստոս 15, 2022 20:27 Asia/Tehran
  • Սուրմալու առևտրի կենտրոնի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են

Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյան:

«Հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են, բացառապես կենտրոնացած ենք որոնողափրկարարական  աշխատանքների վրա: Հրդեհի նոր օջախներ երբեմն կարող են բռնկվել, սակայն անմիջապես կրակի տարածումը կանխվում է»,-նշեց Արտյուշ Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց, որ գրանցվել է անհետ կորած քաղաքացների վերաբերյալ 20 ահազանգ, որից 4-ը վերաբերում են Իրանի քաղաքացիներին: Ահազանգը ստացվել է Իրանի դեսպանատնից:

«Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Տեղում աշխատում են շուրջ 300 աշխատակիցներ ԱԻՆ-ից, մարզային ստորաբաժանումներից, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումներից, քաղաքային որոնողական փրկարարական աշխատանքներ իրականացնող թիմից»,-ասաց նա:

Արտյուշ Գրիգորյանը տեղեկացրեց, որ քննարկվում է պայթյունի հետևանքով կիսաքանդ մնացած շենքի սյուների վնասազերծման աշխատանքներն իրականացնելու հարցը: Առաջիկա ժամերին կլինի վերջնական որոշում այդ հարցի հետ կապված: ԱԻ նախարարի տեղակալը նշեց, որ կա փլվելու վտանգ:

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Վերջին տվյալներով մահացել է 7 մարդ, տուժել է 60-ից ավելի քաղաքացի, կա երկու տասնյակից ավելի անհետ կորած:

armenpress.am

Պիտակ