Սեպտեմբեր 25, 2022 17:47 Asia/Tehran
  • ՀՀ սահմանների մասին հարցին Ադրբեջանից դրական արձագանք չկա. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թվիթերի» իր միկրոբլոկում գրառում է արել` անդրադառնալով ՄԱԿ–ի գերագույն վեհաժողովի իր ելույթին և Ադրբեջանի արձագանքին։

«Արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Եթե այո, մենք կարող ենք շարունակել խաղաղության պայմանագրի հետ կապված աշխատանքները։ Ցավոք սրտի, այս հարցին դրական արձագանք չկա։ Հարցն այն է, թե ինչու»,–գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 23–ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում իր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց էր հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, թե կարո՞ղ է ներկայացնել ՀՀ այն քարտեզը, որով պատրաստ է ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքը։

Փաշինյանը հավելել էր, որ եթե Ադրբեջանը ոչ թե տեսականորեն, այլ կոնկրետ ընդունի ՀՀ տարածքային ամբողջականությունը` 29 800 քկմ, ապա կարող են խաղաղության համաձայնագիր կնքել, որից հետո էլ կարող են սահմանազատման գործընթաց սկսել։ Սակայն, ըստ Փաշինյանի, հարցն այն է, որ Ադրբեջանը մինչև սահմանազատման գործընթացը` 2021-ին ՀՀ տարածքից40 քկմ է օկուպացրել։

Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում  հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:

ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով  հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։

armeniasputnik.am