Սեպտեմբեր 26, 2022 23:10 Asia/Tehran
  • Անհրաժեշտ է 1991 թ․ համաձայնագրով վերահաստատված սահմանների փոխադարձ ճանաչմամբ գնալ խաղաղության պայմանագրին․ Փաշինյան

2021 թ․ մայիսի 12-ի և 2022 թ․ սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ, և ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից, այս մասին Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից առաջ արած համատեղ հայտարարությունում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին այս դիրքորոշումը վերահաստատելու համար։ Նա նաև միջազգային հանրության ու Ֆրանսիայի նախագահի ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ իրականության հետ աղերս չունեն շահարկումները, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ճշգրտված սահման չկա, քանի որ սահմանը դեմարկացված և դելիմիտացված չէ։

Նա նշել է, որ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները երկու երկրների առաջին իսկ ամիսներին դարձել են պետական սահման, քանի որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը ստորագրել ու վավերացրել են ԱՊՀ ստեղծելու մասին 1991թ․ դեկտեմբերի 8-ի համաձայնագիրը և դրանով փաստացի ճանաչել են միմյանց սահմանները։

«Սա նշանակում է, որ Ադրբեջանի գործողությունները այլ կերպ, քան գիտակցված ագրեսիա, չի կարելի գնահատել։ Ադրբեջանական օկուպացիայի արդյունքում մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ լարված»,– ասել է նա՝ հավելելով, որ միջազգային դիտորդական առաքելությունը կկարողանա ուղիղ և ոչ թե միջնորդավորված ուսումնասիրել ստեղծված իրավիճակը Հայաստանում։

Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույնպես պետք է հարցը պահի ուշադրության կենտրոնում և այդ հարցում ակնկալում է ՄԱԿ-ի ԱԽ-ում նախագահող երկրի՝ Ֆրանսիայի աջակցությունը։

«Գալով երկարաժամկետ լուծումներին՝ կարծում եմ՝ անհրաժեշտ է 1991թ․ դեկտեմբերի 8-ի համաձայնագրով վերահաստատված սահմանների փոխադարձ ճանաչմամբ գնալ Հայաստան–Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Հայաստանը պատրաստ է տարածաշրջանի կոմունիկացիաների բացմանը և նոր կոմունիկացիաների կառուցմանը համաձայն այն ներկրների ազգային օրենսդրության, որոնց տարածքով դրանք անցնում են։ Կարևորում ենք նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը, որ կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը։ Կարծում եմ՝ Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ քննարկումների մեկնարկը կարող է օգտակար լինել»,– ասել է նա՝ ընդգծելով Ֆրանսիայի դերն այս հարցում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր։

newa.am