Սեպտեմբեր 27, 2022 11:41 Asia/Tehran
  • 44-օրյա պատերազմից երկու տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ գործողությունները Արցախի և Հայաստանի նկատմամբ

2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 07։10-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ: Պատերազմը տևեց 44 օր և ավարտվեց նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ: Պատերազմի հետևանքներն աղետալի էին հայ ժողովրդի համար՝ տարածքային կորուստներ Արցախում, բազմաթիվ զոհեր, տեղահանություններ, գերեվարված զինծառայողներ և քաղաքացիական անձինք:

Ադրբեջանական ԶՈւ-ն, Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ, ինչպես նաև վարձկանների ներգրավմամբ, սեպտեմբերի 27-ից  սկսեց ռմբակոծել Արցախի բնակավայրերը: Հայաստանում ու Արցախում այդ օրերին հայտարարվել էր ռազմական դրություն ու զորահավաք, բազմաթիվ հայորդիներ կամավոր մեկնում էին ռազմաճակատ՝ կենաց ու մահու կռիվ տալով հայրենի հողը պաշտպանելու համար։

Ադրբեջանական ԶՈւ-ն, Արցախի դեմ մղված պատերազմի ողջ ընթացքում կիրառում էր չթույլատրված զինատեսակներ, այդ թվում քաղաքացիական բնակչության նկատմամբ։ Առկա են բազմաթիվ իրեղեն ապացույցներ, որ թշնամին խոշտանգում է հայ գերիներին։

Չնայած ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների միջնորդությամբ ձեռք բերված հումանիտար հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությանը՝ Ադրբեջանը խախտում էր այն։ Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 01։00-ից դադարեցնելու մասին հայտարարություն էին ստորագրել։

Հայկական կողմը կորցրեց Արցախի 7 շրջան, Շուշին ու Հադրութը։ Այդ գիշեր Ռուսաստանը մոտ 2 հազար խաղաղապահ և 470 միավոր զինտեխնիկա ուղարկեց Արցախ։ Ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների պահպանման վերահսկողության համար ռուսական դիտակետերը տեղակայվեցին Արցախի և Ադրբեջանի սահմանի, ինչպես նաև Հայաստանն ու Արցախը միացնող Լաչինի միջանցքի երկայնքով:

Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3825 է։

Չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությանը, անգամ 2 տարի անց ադրբեջանական կողմը չի վերադարձնում բոլոր հայ ռազմագերիներին։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո էլ Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարը թե Արցախում, թե հայ-ադրբեջանական սահմանին: Արցախում մի քանի անգամ սադրիչ գործողություններ իրականացնելուց հետո Ադրբեջանը բացահայտ ագրեսիա է սկսել նաև Հայաստանի դեմ: Նախ 2021 թվականի մայիսին ադրբեջանական զինված ուժերը ագրեսիվ հարձակում սկսեցին և ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք, որտեղից մինչ օրս չեն հեռացել, ապա 2022 թվականին մի քանի ուղղությամբ հարձակվեցին Հայաստանի վրա՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը: Վերջին հարձակման հետևանքով ևս ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները որոշ հատվածներում ներխուժել ու գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: Միջազգային ճնշման ներքո Ադրբեջանը դադարեցրել է ռազմական գործողությունները, սակայն իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ:

armenpress.am