Սեպտեմբեր 27, 2022 18:05 Asia/Tehran
  • Միրզոյան․ Ագրեսիայի հետևանքները պետք է վերացվեն, այսինքն` Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է դուրս գա ՀՀ տարածքից

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ ժամանած Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպման արդյունքներն ամփոփելով, ասել է, որ Հայաստանը կարևորում է կայունության և խաղաղության դեմ ուղղված Ադրբեջանի առավելապաշտական նկրտումներին միջազգային հասցեկան և համարժեք արձագանքը։

«Արժևորում ենք Հունաստանի դիրքորոշումը ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Միանշանակ է, որ ագրեսիայի հետևանքները պետք է վերացվեն, այսինքն` Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից, հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն և հրադադարի ռեժիմը պետք է լիակատար պահպանվի»,–ասել է Միրզոյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` միջազգային հանրությունը հստակ գնահատականներով պետք է կանխարգելի Ադրբեջանի արկածախնդիր քայլերը և հավանական նոր ագրեսիաները։

Միրզոյանը հայտնել է, որ Դենդիասի հետ զրույցում անդրադարձել են ԼՂ կարգավորման հարցերին։ ՀՀ ԱԳ նախարարը նշել է` հիմնախնդիրը մնում է չլուծված:

«Մենք մերժում ենք ուժի կիրառման միջոցով խնդիրները լուծելու մոտեցումը և վերահաստատում մեր մոտեցումը խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում խաղաղություն հաստատելու առնչությամբ»,-ասել է նա։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։