Սեպտեմբեր 27, 2022 19:40 Asia/Tehran
  •    Ես անձամբ չեմ տեսնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորություն. ՔՊ-ական պատգամավոր

Երբ իշխանությունն առաջ է քաշում խաղաղության օրակարգը, իսկ ընդդիմությունն իր հսկայական ռեսուրսներով դեմ է դուրս գալիս եւ ուզում է իշխանություններին հեռացնել ու չի ստանում անհրաժեշտ աջակցություն, դա ապացուցում է, որ հասարակությունը համախմբված է իշխող ուժի օրակարգի շուրջ:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Բա էլ միասնականությունը ոնց է լինում, ոնց կարող է այս կամ այն հարցի շուրջ բոլորն ունենան նույն տեսակետն ու կարծիքը: Դա բացառված է: Միասնականությունը այդ կարծիքների բազմազանության մեջ ծնվում է այն, որը ճնշող մեծամասնության համար ընդունելի է: Շատերին դուր չի գալիս իմ վարած քաղաքականությունը, շատերը մեր թիմի գործողություններում լիքը սխալներ են տեսնում, բայց միեւնույն է, մարդկանց մեծամասնությունը կանգնած է այն գծի կողքը, որը մենք իրականացնում ենք,-ասաց նա:

Աղազարյանը հայտարարեց, որ ինքն անձամբ չի տեսնում խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորություն. «Որովհետեւ այդ պայմանագրի մեջ առաջին կետը պետք է լինի, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանը մտել է մեր սուվերեն տարածք, եթե այս խնդիրը չլուծվի, մենք ո՞նց կարող ենք խաղաղության պայմանագիր ստորագրել»:

Հարցին, թե երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է միայն 29 800 քառակուսի կմ տարածքով Հայաստանի մասին, արդյոք ստացվում է, որ մենք այդ հիմքով փաստաթուղթ ստորագրելով հրաժարվում ենք Արցախից, Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Երբ 1994-ին ստորագրվեց հրադադարը, մարդիկ վազում էին, որ ավար բաժանեն, թե ով է ավելի շատ բան արել: Եվ Հայաստանին մտցրեցին այդ կոնֆլիկտի մեջ : Հայաստանը մտավ էդ կոնֆլիկտի մեջ, դարձավ կողմ, դարձավ օկուպանտ եւ աշխարհը 30 տարի մեզ ասում է՝ այդ հողերից պետք է դուրս գաք: Մենք տարածքային խնդիր չունենք Ադրբեջանի նկատմամբ: Մենք խնդիր ունենք Ադրբեջանի հետ հարաբերությունները ճշգրտելու եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին սատար կանգնելու»:

Նա ընդգծեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի դերակատարությունը եղել է խիստ բացասական մեր հայրնեիքի համար. «Իր մեծագույն քաղաքական հանցագործությունը այն է, որ 1996-ին ինքը չէր ընտրվել ՀՀ նախագահ, հետեւաբար, երբ պահը եղավ, որ պետք է ձեռքը խփեր սեղանին ու ասեր՝ այսպես պետք է լինի, ինքը չկարողացավ, որովհետեւ ժողովուրդ չկար իր թիկունքին:

Այդ բոլորը թողել է բացասկան հետք այսօրվա իրողությունների վրա, բայց մենք չպետք է ասենք՝ սարսափելի է ամեն ինչ: Մենք շատ լուրջ հնարավորություններ ունենք, որ վաղը մեր մեջքը ուղղենք եւ տեր լինենք մեր երկրին ու ժողովրդին»:

tert.am

Պիտակ