Սեպտեմբեր 28, 2022 17:26 Asia/Tehran
  • Այս վիճակից դուրս գալու համար, այո, պետք է քննարկումներ ունենալ. Քոչարյանը Փաշինյանի հետ նույն սեղանի շուրջ նստելու մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նույն սեղանի շուրջ նստելու և քննարկումներ ունենալու հարցին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 28-ին մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը հետաքրքրվեց՝ Քոչարյանը պատրա՞ստ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նույն սեղանի շուրջ նստել և քննարկում ունենալ, եթե օրակարգում լինի պայքարի և Հայաստանի համար նոր ճանապարհներ բացելու հարցը:

«Մարդիկ չգիտես ինչու ֆիքսվել են մի պատկերի վրա՝ սեղան, որի շուրջ նստում են Նիկոլ Փաշինյանը և նախագահները: Ես այդ պատկերի համար չեմ իմ տեսակով, բայց այս վիճակից դուրս գալու համար, այո', պետք է քննարկումներ ունենալ, և Վեհափառի նախաձեռնությամբ այդ ֆորմատին մասնակցելը նաև նպատակ ուներ լուծումներ գտնել, փորձել քննարկումներով լուծումների գալ: Տեր-Պետրոսյանի (ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան- խմբ.) առաջարկը  կատեգորիկ անընդունելի էր ինձ համար, բայց մենք չենք ասել, որ վերջ, դրանից հետո էլ չենք գալու, որովհետև անընդունելի է: Մենք դուռը բաց ենք թողել քննարկումների համար, ուղղակի խնդիրը հետևյալն է. մարդկանց մոտ մեծ սպասելիքներ են առաջացել, որ նախկին նախագահները և Վեհափառը լուծում են գտնելու այս իրավիճակին: Ժողովուրդ ջան, այս վիճակից լուծումը պետք է առաջարկի, գտնի և այդ ճանապարհով տանի իշխանությունը: Եվ, եթե այդ առաջարկը իշխանության կողմից չի եղել, այլ հանրային ինչ-որ պահանջ է ձևավորվել, այդ սպասելիքների հասցեատերը այդ ֆորմատը չպետք է լինի»,- ասաց Քոչարյանը:

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ Հայաստանը հայտնվել է ծանր վիճակում, սպասվում են ցավոտ որոշումներ՝ ընդգծելով, որ պայմանագրեր պետք է կնքվեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Առաջին նախագահը կարծիք էր հայտնել, որ ընդդիմությունն ու իշխանությունը պետք է երկխոսեն, որպեսզի առկա բոլոր հնարավոր լուծումներից ընտրեն ամենաքիչ ցավոտ լուծումը:

armenpress.am

 

Պիտակ