Սեպտեմբեր 29, 2022 07:44 Asia/Tehran
  • Հայաստանը պետք է ռազմաքաղաքական նոր համագործակցություն զարգացնի Իրանի հետ. Վարդանյան

Sputnik Արմենիան զրուցել է իրանագետ Ժաննա Վարդանյանի հետ հայ իրանական հնարավոր ռազմաքաղաքական համագործակցության մասին։

 Հայաստանը պետք է օգտագործի ընձեռված հնարավորությունը ու ռազմաքաղաքական նոր համագործակցություն զարգացնի Իրանի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց իրանագետ Ժաննա Վարդանյանը։«Լինի այդ համագործակցությունը համատեղ արդյունաբերության ստեղծման, զինտեխնիկայի գնումների տեսքով, թե այլ կերպ՝ մենք պետք է բաց չթողնենք շանսը, հատկապես հաշվի առնելով այն իրավիճակը, որում հիմա գտնվում է Հայաստանը»- նշեց իրանագետը։

Ժաննա Վարդանյանը չի բացառում, որ այսպիսի համագործակցություն կարող է նաև Ադրբեջանի «ախորժակը» զսպող ուժ դառնալ․

«Եթե հայկական բանակը ուժեղանա, հզորանա ու զինվի, դա միանշանակ կզսպի Ադրբեջանին։ Այդ փաստը կստիպի նրանց ավելի երկար մտածել որևէ քայլ անելուց առաջ»,- նշում է նա ու հավելում, որ այս պահին Հայաստանը պետք է օգտվի ընձեռված բոլոր հնարավոր տարբերակներից։

«Մենք պետք է գործենք բավական ճկուն, եթե անգամ 1 տոկոսի հնարավորություն ունենք, մենք պետք է դա օգտագործենք։ Կարելի է ասել՝ սատանայի հետ էլ պետք է համագործակցենք հայանպաստ ձեռքբերումներ ունենալու համար»,- վստահ է իրանագետը։

Անդրադառնալով Թեհրանի պատրաստակամությանը՝ երկխոսության հարթակ դառնալու Երևանի և Բաքվի միջև, Ժաննա Վարդանյանը նշեց, որ իրանական կողմը միշտ էլ ցանկություն է հայտնել միջնորդ դառնալ, քանի որ իր համար էլ է շահեկան, որ տարածաշրջանային խնդիրները լուծվեն հենց տարածաշրջանի երկրների միջնորդությամբ։

«Իրանը ուզում է որևէ կերպ մասնակցություն ունենալ այս գործում, որովհետև այն ամենը, ինչ կատարվում է այստեղ, նաև անմիջական ազդեցություն ունի իր վրա։ Նրանք ուզում են մասնակցություն ունենալ, որպեսզի թույլ չտան, որ տեղի ունենա իրենց շահերին հակասող իրադարձություն»,- ասաց նա։

Իրանագետը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Ադրբեջանի պահանջած միջանցքի ստեղծումը Իրանին ձեռնտու չէ, քանի որ Հայաստանն Իրանի համար դեպի Եվրոպա այլընտրանքային միակ ճանապարհ է։ Հետևաբար, եթե չլինի այդ երթուղին՝ Իրանը կախվածության մեջ կընկնի թուրքական ու ադրբեջանական երթուղիներից։

 

 

Պիտակ