Սեպտեմբեր 29, 2022 15:29 Asia/Tehran
  • Գրիգորյանն արդյունավետ է որակել Հաջիևի հետ հանդիպումը և ներկայացրել Ադրբեջանի հետ քննարկումների օրակարգերը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն արդյունավետ է գնահատում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպումը:

Գրիգորյանն ասել է, որ քննարկվել են կոնկրետ քայլեր, որոնք կարող են հանգեցնել խաղաղության. «Մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման թեմաներն ենք քննարկել: Այդ թեմաների առնչվում են ապաշրջափակումը, դելիմիտացիան և սահմանային անվտանգությունը, ինչպես նաև այլ հարցեր, որոնք տարածաշրջանում խաղաղություն և կայունություն են բերում: Սրանք են այն հիմնական թեմաները, որ քննարկել ենք: Նաև շեշտադրում է եղել վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքների վերացման վրա: Գիտեք, որ այս առումով Միացյալ Նահանգները բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի իր զորքերը ելման այն կետեր, որտեղից սկսել է ագրեսիան»,- «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ կան տարբեր ֆորմատներ, որտեղ տարբեր մակարդակներով քննարկումներ են տեղի ունենում: «Դրանք արտաքին գործերի նախարարների, փոխվարչապետերի, ինչպես նաև ազգային անվտանգության ծառայության տնօրենների մակարդակով ընթացող քննարկումներն են: Կան նաև բարձր մակարդակում քննարկումներ, այսինքն՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումներ: Այս պահին քննարկում ենք, որպեսզի մնացած այլ ֆորմատներում առաջընթաց ունենանք, որպեսզի հնարավորության դեպքում նաև բարձր մակարդակի հանդիպում ունենանք»,- մանրամասնել է Գրիգորյանը: