Սեպտեմբեր 29, 2022 17:05 Asia/Tehran
  • ՀՀ վարչապետն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Երևանում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը:

Նշվում է, որ ՀՀ վարչապետ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը կայացել է ՀԱՊԿ առաքելության աշխատանքների շրջանակում: Ստանիսլավ Զասը  Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել է ՀԱՊԿ առաքելության աշխատանքի նախնական արդյունքների մասին, հանգամանալից քննարկել են առաքելության աշխատանքն ու տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: 

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն՝ սեպտեմբերի 20-ին Հայաստան է ժամանել Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարած պատվիրակությունը: Առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են։

ՀԱՊԿ առաքելության առջև դրված են հետևյալ խնդիրները՝ Հայաստանի առանձին սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի մշտադիտարկում ու ուսումնասիրություն, նաև հետագա գործողությունների համար առաջարկների մշակում: Առաքելության աշխատանքի արդյունքներով ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների համար պատրաստվում է զեկույց՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի և դրա կարգավորման առաջարկների վերաբերյալ։

Պիտակ