Սեպտեմբեր 29, 2022 17:45 Asia/Tehran
  • Հրթիռակոծությունից վնասվել էին Իրան գնացող բարձավոլտ էլեկտրական գծերը. Սանոսյան

Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի ժամանակ ադրբեջանական ԶՈւ—ն հրթիռակոծել էր նաև Հայաստանից Իրան գնացող բարձավոլտ էլեկտրական գծերը։

Սյունիք այցելած Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Նա հայտնեց, որ ՀՀ–ն բավական էլեկտրաէներգիա է արտահանում դեպի Իրան։

«Սկզբից կարող է թվալ, որ պատահաբար է այն հրթիռակոծվել, սակայն 12 ժամ մեր մասնագետներին թույլ չեն տվել մոտենալ այդ էլեկտրագծերին ու դրանք վերականգնել։ Ամեն անգամ, երբ փորձում էին վերականգնել էլեկտրագծերը, մեր մասնագետները կրակահերթի տակ էին հայտնվում և կրկին վերադառնում։ Ավելցուկ հոսանք ունենալու պատճառով ստիպված եղանք ատոմակայանի հզորությունն իջեցնել և կիսով չափ այն աշխատեցնել, ինչպես նաև Երևանի ՋԷԿ–ն ու մի շարք այլ էլեկտրակայաններ»,–ասաց Սանոսյանը։

Նրա խոսքով` դիտավորյալ խախտվեց Հայաստանի ամբողջ էներգետիկ համակարգը։ Սա, ըստ նախարարի, տիպիկ նկարագրում է, որ հստակ թիրախավորվում էին քաղաքացիական ենթակառուցվածքները։

Սանոսյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի ԶՈւ–ն թիրախավորել էր նաև Կեչուտի ջրամբարը, սակայն, բարեբախտաբար, վնասներ չկան, քանի որ արկերը հայտնվել էին ջրամբարի մեջ։

Նախարարը հավելեց, որ կան ենթակառուցվածքներ, որ վերականգնվել են՝ ճանապարհները, գազն ու հոսանքը։ Իսկ հիմա փորձում են վերականգնել քիչ վնասված տները։