Հոկտեմբեր 02, 2022 09:53 Asia/Tehran
  • Հայ–ադրբեջանական սահմանին դիտորդներ տեղակայելու  համար պետք է  հաշվի առնել Իրանի կարծիքը

Իրանագետ Գարիկ Միսակյանը չի բացառում, որ Իրանը հետաքրքրություն կցուցաբերի դիտորդական առաքելության հարցում։

Եթե հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով տեղակայվեն Իրանին հակառակ  երկրների դիտորդները, ապա պաշտոնական Թեհրանը բնականաբար չի համակերպվի այդ իրողության հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրանագետ Գարիկ Միսակյանը` նշելով, որ խոսքը վերաբերում է հատկապես ԱՄՆ–ին ու Իսրայելին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 28-ին, թվիթերյան իր էջում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին սադրանքին, նշել էր, որ ադրբեջանական զորքերի դուրսբերումը ՀՀ սուվերեն տարածքից և միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը Ադրբեջանի օկուպացրած հայկական սահմանամերձ տարածքներում բացարձակ անհրաժեշտություն են։

«Եթե պատկերացնենք, որ դիտորդական առաքելության մեջ կարող են լինել նաև Իրանի ներկայացուցիչները, ապա այդ դեպքում Թեհրանից հնչող արձագանքներն ու հայտարարությունները կարող են այդքան էլ սուր և բացասական չլինել։ Քանի որ Իրանը շահագրգռված է Հայաստանի հետ իր սահմանի պահպանությամբ, չի բացառվում, որ հետաքրքրություն ցուցաբերի դիտորդական առաքելության առթիվ»,– ասաց իրանագետը։

Միսակյանի դիտարկմամբ` անկախ ամեն ինչից, վերոհիշյալ հարցում պետք է անպայման հաշվի առնել նաև հարևան Իրանի կարծիքը, որն անգամ իր համար հեռահար անվտանգային նշանակություն ունեցող հարցերին վերաբերվում է ամենայն լրջությամբ, և դրա ամենավառ ապացույցը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Իրանի դիրքորոշումն է։

«Դիտորդական առաքելությունը դեռ իրականություն չի դարձել և գտնվում է ուսումնասիրության փուլում, բայց անկախ ամեն ինչից` Իրանը չի ցանկանա իր հարևան երկրների սահմանին տեսնել հակառակորդ երկրի կամ երկրների դիտորդներին, չի համակերպվի նրանց քաղաքական կամ ռազմական ներկայության հետ»,– ասաց Միսակյանը։

Նրա կարծիքով` Ադրբեջանը կմիանա ցանկացած հակաիրանական նախաձեռնության, առավել ևս, եթե դա իրականացվի հայկական կողմից։

«Մեր կառավարությունը չպետք է մոռանա, որ Իրանը մեր բնական ու իրական դաշնակիցն է, մանավանդ որ այս փուլում գոյություն ունի հայ–իրանական շահերի համընկնում, ինչը մեզ համար կարող է լինել հավելյալ գործիք Իրանի հետ բավականին լուրջ համագործակցություն ծավալելու համար»,– նշեց իրանագետը։

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում  հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:

Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով  հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։

ՔԿ–ն սեպտեմբերի 30–ին հայտնեց, որ Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ, որից 197–ը զինծառայողներ են, իսկ 4-ը` քաղաքացիական անձինք։

 

Պիտակ