Հոկտեմբեր 02, 2022 18:18 Asia/Tehran
  • Միրզոյանը Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ԶՈՒ պատերազմական հանցագործությունները

Աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 2-ին հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացման՝ Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքներից դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման, հրադադարի ռեժիմի ավերապահ պահպանման հրամայականը:

«Նախարար Միրզոյանը խստորեն դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները և իրականացրած պատերազմական հանցագործությունները, մասնավորապես` խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը, հայ ռազմագերիների անմարդկային խոշտանգումներն ու արտադատական սպանությունները, և շեշտել, որ մեղավորները պետք է համարժեք պատասխանատվության ենթարկվեն, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի։

Ավելի վաղ Տոյվո Կլաարը մեկնաբանել է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում հայ գերիներին։ Կլաարը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում արել է հետևյալ գրառումը․ «Հրապարակվել է հերթական տեսանյութը, որում հավանաբար մահապատժի են ենթարկվում հայ ռազմագերիներ։ Եթե տեսանյութի իսկությունը հաստատվի, ապա դա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»։

https://armenpress.am/arm/news/1093912.html