Հոկտեմբեր 06, 2022 10:54 Asia/Tehran
  • Ալիևի տեսակետներն էր վերարտադրում. Քոչարյանի գրասենյակից արձագանքել են Փաշինյանի ելույթին

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հիշեցրել են, որ Ադրբեջանը կտրուկ մերժել էր Մադրիդյան փաստաթուղթը՝ համարելով այն խիստ պրոհայկական։

ԵՐԵՎԱՆ - Sputnik. Քստմնելի տեսարան էր: Եթե ելույթի ժամանակ էկրանին չնայեի, կթվար՝ Ալիևի ելույթն եմ լսում Միլի մեջլիսում: ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանն այսպես է արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր ԱԺ ամբիոնից հնչած ելույթին։
Նշենք` կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս և 1998–ին որպես իշխանությունը ստանձնելու նախապայման` Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից

Հիշեցվում է, որ Արցախը բանակցություններից դուրս թողնելու, Ստամբուլյան խարտիայի և Մադրիդյան սկզբունքների մասին տեղեկատվությունն ամբողջությամբ հրապարակված է, և որ պետք է առնվազն թուրքական տեսակետներ կրող լինել՝ այդ փաստերը թրքահաճո դարձնելով՝ նենգափոխելու համար:
Երկրորդ նախագահի գրասենյակից խոստանում են վերոհիշյալ փաստերը հրապարակել ևս մեկ անգամ՝ այս կեղծիքներն ավելի ցցուն դարձնելու համար:
«Ի դեպ, Ադրբեջանը կտրուկ մերժել է Մադրիդյան փաստաթուղթը՝ համարելով այն խիստ պրոհայկական»,–ասված է պատասխանում:
Հավելենք, որ իր ելույթում Փաշինյանը նշել էր, որ բանակցային այն թուղթը, որը սեղանին թողել է Սերժ Սարգսյանը, կապիտուլյացիայի թուղթ է։ Նաև ասել էր` ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի օրոք է ԼՂ–ն Ադրբեջանի կազմում ճանաչվել, քանի որ այն պահին, երբ ՀՀ–ն ընդունել է Մադրիդյան սկզբունքները, ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։ Բացի այդ, վարչապետը նշեց, որ Օսկանյանը հրապարակային Հայաստանը ճանաչել է «օկուպանտ»: