Հունիս 24, 2016 13:21 Asia/Tehran
  • Հայ գիտնականների պրպտումները բացահայտում են ղփչաղերենի պատմության անհայտ շերտերը

Երևանի Մաշտոցի անվան Հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտում, որը ձեռագրերի և հնատիպ գրքերի աշխարհի խոշորագույն պահոցներից մեկն է, կան նաև հայատառ ղփչաղերեն ձեռագրեր: Դրանք մեծաթիվ չեն և ներկայացնում են կրոնական ու կրոնաիրավական ոլորտները:

Այս ձեռագրերի առանձնահատկությունն այն է, որ սրանք մեսրոպատառ են, բայց ղփչաղերեն (թյուրքերեն): «Մատենադարանում պահվող ձեռագրերի մեծ մասը ստեղծվել է Լվովի, Ուկրաինայի և Հարավային Ռուսաստանի տարածքում հայ մարդկանց ձեռքով: Սրանք հայկական ձեռագրեր են, հայկական մշակույթի հուշարձաններ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության և Մայր ցուցակի բաժնի վարիչ Գևորգ Տեր-Վարդանյանը՝ հավելելով նաև, որ այս նյութերը կարող են կարևոր հիմք հանդիսանալ ղփչաղական լեզվի ուսումնասիրության տեսանկյունից: Նրա խոսքով՝ հայ-ղփչաղական գրականությունը` կլինի քերականություն, բառարաններ հայերեն-ղփչարեղեն կամ հակառակը, գործնական-կիրառական նպատակներով են ստեղծվել:

«Դրանց մեջ կա մի շատ նշանավոր ձեռագիր, որի հեղինակը Լուսիկ սարկավագն է, նա գրել է ղփչաղերենի քերականությունը, բնականաբար, բառային թարգմանություններից բացի դարձվածքներ է օգտագործել: Կան ղփչաղերեն-հայերեն ընդարձակ բառարաններ, տարբեր բնույթի այլ նյութեր, օրինակ, Սաղմոսարան, Ավետարան: Հայկական իրավունքի կարևոր հուշարձան Մխիթար Գոշի դատաստանագիրքը ևս թարգմանվել է ղփչաղերեն: Այն օգտագործել են, առաջին հերթին, հայ մարդիկ գուցե թե ղփչաղների հետ իրավական հարցեր կարգավորելու համար, չի բացառվում, որ ղփչաղներն էլ օգտագործած լինեն»,-մանրամասնում է Մատենադարանի ներկայացուցիչը:

Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատողները շրջանառության մեջ են դրել Մատենադարանում պահվող, 17-րդ դարում Լվովում ստեղծված (Գրիչ Ավետիքի) թիվ 3522 ձեռագիրը, որի 226-353-րդ էջերը պարունակում են «Ղփչաղերենի քերականություն» հույժ արժեքավոր հատվածը: Այս ձեռագրի մասին համալսարանականներն աշխատանքներ են հրապարակել թե Հայաստանում, թե արտերկրում, հաղորդումներով հանդես եկել միջազգային թյուրքագիտական գիտաժողովներում:

ԵՊՀ Թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը նշեց. «Այս ձեռագիրը բացառիկ կարևորվում է ղփչաղերեն-ղազախերենի քերականության, բառապաշարի, հնչյունական համակարգի պատմության ուսումնասիրության տեսանկյունից: Ավելի քան մեկ դար աշխարհի առաջատար հայագետները և թյուրքագետները կարևորում են հայատառ ղփչաղերեն գրականության ուսումնասիրությունը, հատկապես թյուրքական լեզուների պատմության տեսանկյունից` նկատի առնելով նաև այն անվիճելի փաստը, որ հայկական այբուբենն ավելի լավ է արտացոլում թյուրքական տարբեր լեզուների հնչյունական առանձնահատկությունները, քան արաբականը կամ լատինականը»,-ասաց Սաֆարյանը:

Թյուրքագետ-պրոֆեսորի պնդմամբ` Մաշտոցյան Մատենադարանը հայերին, հիրավի, դարձնում է գերտերություն` միջնադարագիտության, աղբյուրագիտության, արևելագիտության բնագավառներում: «Մասնավորապես, հայատառ ղփչաղերեն ձեռագրերի լեզվաբանական ուսումնասիրությունը կարող է և պետք է դառնա հայաստանյան, ռուսաստանյան (Կազանի պետական համալսարանի) ու ղազախստանյան (Լ. Ն. Գումիլյովի անվան Ազգային համալսարանի) մասնագետների համագործակցության կարևորագույն ոլորտ: Եթե Եվրասիական տնտեսական միության տարածքում կարևորվում են նաև համատեղ գիտակրթական և մշակութային ծրագրերը, ապա վերոհիշյալ ուղղությունը կարող է ճանաչվել գերակա»,-ընդգծեց Ալեքսանդր Սաֆարյանը:

Ղփչաղները միջնադարյան թյուրքալեզու ժողովուրդ են։ Նրանց գրաված հսկայական տարածքը, որը տարածվել է Դանուբից մինչև Տյան Շան, 11-15-րդ դարերում կոչվել է Դեշտի-Ղփչաղ (ղփչաղների հարթավայր)։ Ղփչաղները արշավել են նաև դեպի Հունգարիա և Բյուզանդիա։ 1064 թվականին, երբ սելջուկները գրավել են Անին, մեծ թվով հայեր գաղթել են Կասպից և Սև ծովերի ափերը, որոնք գտնվում էին ղփչաղների տիրապետության ներքո:

Ավետարանը կամ Հին կտակարանային սաղմոսները հայ քրիստոնեական մշակույթի անբաժան մասն են, ձեռագրերն էլ Քրիստոնեությանը(Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն) հավատարիմ, սեփական կրոնական-ազգային ինքնությունը պահպանած, բայց թյուրքախոս-ղփչաղախոս դարձած հայ մարդկանց կողմից ստեղծված հուշարձաններ են:

ARMENPRESS.am

Պիտակ