Հունվար 18, 2018 04:04 Asia/Tehran
  • ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանում ԻԻՀ դեսպանի հետ

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ խմբի անդամները հունվարի 17-ին հանդիպել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր, մասնավորապես տնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության եւ անվտանգության ոլորտներում:

Վահրամ Բաղդասարյանը կարեւորել է խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ եւ արդյունավետ գործունեությունն ու փոխայցերը: Նա նշել է, որ այսօր հայ-իրանական փոխհարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ նոր հնարավորություններ են ստեղծվում դրանք ավելի խորացնելու համար:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ պարոն Բաղդասարյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության հավասարակշիռ դիրքորոշումն այս հարցում:

Սեյեդ Քազեմ Սաջադին ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունները կրում են կայուն, երկարաժամկետ եւ ռազմավարական բնույթ: ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում դեսպանը վերահաստատել է, որ Իրանը խաղաղության եւ կայունության պահպանման կողմնակից է:

Կողմերն անդրադարձել են Հայաստան-Իրան բարեկամական խմբի՝ նախորդ տարվա վերջին Իրան կատարած այցի մանրամասներին եւ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու պատրաստակամություն են հայտնել: Քննարկվել են Մեղրիի ազատ տնտեսական գոտու ընձեռած հնարավորություններն արդյունավետ օգտագործելուն, Իրանից Հայաստան գազի գնման գործընթացի կազմակերպմանը, Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքին առնչվող հարցեր: Դրական գնահատելով երկու երկրների քաղաքական հարաբերությունների մակարդակը՝ զրուցակիցներն ընդգծել են, որ առեւտրատնտեսական ոլորտում առկա հնարավորությունները լիարժեք չեն օգտագործվում եւ դրանք զարգացնելու անհրաժեշտություն կա: