Խաթիբզադե. Վահաբիականությունն ատելության և ահաբեկչության աղբյուրն է թե՝ տարածաշրջանում, թե՝ դրանից դուրս
Արձագանքելով Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի պահանջին ՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է. «Արևմտյան Ասիայի տարածաշրջանի բոլոր ահաբեկչական խմբավորումները վերապատրաստվում են Սաուդյան Արաբիայի ֆինանսական աջակցության ներքո գործող կենտրոններում»:
Վերջերս Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջոբեյրը Թվիթերում գրառում էր կատարել այն մասին, որ Իրանի գործողությունների հետևանքով, սպանվել են այդ երկրի մեծ թվով քաղաքացիներ:
«Տասնամյակներ շարունակ գաղութային տերությունների կողմից սնուցվող վահաբիզմը կույր նախապաշարումների, ատելության և ահաբեկչության միակ աղբյուրն է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում և դրանից դուրս», - հինգշաբթի օրն իր թվիթերյան օգտահաշվում արած գրառման մեջ նշել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն:
Նա հավելել է. «Որքան էլ սաուդցիները փորձեն թաքցնել այս դառը ճշմարտությունը և Եմենում իրականացրած հանցագործություններն ինչպես նաև Խաշողջիի սպանությունը, դա նրանց չի հաջողվի»:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է, որ սաուդցիների վերջին քայլը պաղեստինցիների դեմ պետական ահաբեկչություն հիմնական հովանավորի (Իսրայել) կողքի կանգնելն է: Նա հավելել է. «Լարվածության քաղաքականությունն այլևս չի գործում և սաուդցիները պետք է այն փոխեն»: