Հունվար 23, 2021 09:50 Asia/Tehran
  • Զարիֆ. ԱՄՆ-ի նոր կառավարության համար հնարավորությունների պատուհանը միշտ բաց չի լինելու

Նշելով, որ ԱՄՆ նոր կառավարության համար հնարավորություններրի պատուհանը միշտ բաց չի լինելու, ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է. «Այս պահին նախաձեռնողը պետք է լինի Վաշինգտոնը»:

Foreign Affairs ամսագրում հրապարակված հոդվածում, ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը գրել է, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը կանգնած է կարևոր ընտրության առջև: Զարիֆը գրել է. «Բայդենի կառավարությունը կամ կշարունակի Թրամփի վարչակազմի պարտված քաղաքականությունը և կընթանա միջազգային համագործակցության և միջազգային իրավունքի սկզբունքներն անտեսելու ուղով, կամ կհրաժարվի անցյալի ձախողված ենթադրություններից ու հետամուտ կլինի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»:

Անդրադառնալով տարածաշրջանն ապակայունացնող ԱՄՆ-ի գործողություններին, այդ թվում՝ ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը, Զարիֆը նշել է. «Սպանելով Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների պայքարի գլխավոր դերակարատներից համարվող հրամանատարին, ԱՄՆ-ն Իրանի դեմ գործած իր աններելի հանցագործությունների թվին ավելացրեց ևս մեկը»:

Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ միջուկային խնդրի շուրջ նոր բանակցությունները բացառված են, հավելելով. «Եթե Արևմուտքը, հատկապես՝ ԱՄՆ-ն, ցանկանում են խուսափել անցյալում արած սխալներից, պետք է վերանայեն Իրանի և տարածաշրջանի վերաբերյալ իրենց տեսակետը»: