Հունվար 27, 2021 16:34 Asia/Tehran
  • Զարիֆ. Տարածաշրջանում բոլոր ժողովուրդների իրավունքների հարգումն անհրաժեշտություն է

Կարևորելով տարածաշրջանի բոլոր երկրների, ներառյալ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու ազգային ինքնիշխանությունը, Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքների հարգելն անհրաժեշտություն է:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ Երևանում  կայացած հանդիպման ժամանակ, Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադառնալով երկու երկրների լավ ու բարեկամական հարաբերություններին, նշել է, որ Հայաստանն Իրանի կարևոր հարևանն է: Նա երկու երկրների հարաբերությունները գնահատել է որպես երկու կրոնների հետևորդների փոխգործակցության և երկխոսության խորհրդանիշ:

Կարևորելով տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքների հարգումը, Զարիֆն ասել է.«Իրանի իսլամական հանրապետության կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է»:

Ցավ հայտնելով  վերջերս տարածաշրջանում տեղի ունեցած հակամարտությունների հետևանքով մարդկային  կորուստների կապակցությամբ, Զարիֆը ասել է, որ  Իրանը պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել այս ոլորտում: Նա  հույս է հայտնել, որ  տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները ավելի շուտ կլուծվեն:

Դատապարտելով տարածաշրջանում օտարերկրյա ահաբեկիչների և կռվողների  ներկայությունն Իրանի արտգործնախարարն ասել է,  որ այդ ուժերի առկայությունը երկու երկրների ընդհանուր մտահոգությունն է:

Նա հայտնել է Հայաստանի և մյուս հարևան երկրների հետ երկկողմ համագործակցություն ծավալելու և տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերին ու տնտեսական զարգացմանը նպաստելու Իրանի պատրաստակամության մասին:

Իրանի և Հայաստանի ԱԳ նախարարների բանակցության մյուս թեմաներն են եղել բանկային հարաբերությունները, և տրանսպորտի, Իրանի արտահանումների ու Արաքս գետի շրջակա միջավայրի հետ կապված հարցերը: 

Պիտակ