Հունիս 14, 2021 12:21 Asia/Tehran
  • Իրանահայերին ուղղված կոչը՝ ընտրություններին մասնակցելու կապակցությամբ

Հունիսի 13-ին Թեհրանի Ազգային առաջնորդարանում տեղի ունեցավ «Նախագահական ընտրություններին ժողովրդի առավելագույն մասնակցության ներգրավման գործում ԶԼՄ-ների դերը» թեմայով նիստը՝ լրատվամիջոցների և քրիստոնյա համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նիստի սկզբում Արժանապատիվ Տ. Սահակ քահանա Խոսրովյանը ընթերցեց  Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի՝ Իրանի երեք թեմերի առաջնորդներին հղած ուղերձը:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետն իր ուղերձում Իրանի երեք թեմերի առաջնորդներին հորդորել է իրենց հովանու ներքո գտնվող հավատացյալներին քաջալերել մասնակցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահական ընտրություններին: Իր ուղերձում Վեհափառ հայրապետը նաև շնորհակալություն է հայտնել Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեիին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար:

Այնուհետև ընթերցվել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ  գերաշնորհ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի ուղերձը՝ այս տարի նախագահական ընտրություններին առավելագույն մասնակցություն բերելու կապակցությամբ:

Ընդհանուր ժողովների գլխավոր վարչության կրոնների և դավանանքների հարցերով տեղակալ Ալի Ալիփուրը ընտրություններին առավելագույն մասնակցություն բերելու գործում  լրատվամիջոցների դերակատարության մասին ասել է. «Լրատվամիջոցները պետք է  այնպես ծրագրեն  իրենց գործունեությունը, որպեսզի զարգացնեն մարդկանց խորաթափանցությունը, մեծացնեն ճիշտը սխալից տարբերելու ուժը և ճիշտ վերլուծելու կարողությունը»:

 

Նիստի ընթացքում նաև ելույթով հանդես է եկել Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը: 

Անդրադառնալով նախագահական ընտրություններին առավելագույն մասնակցության գործում լրատվամիջոցների դերակատարությանը, հայազգի պատգամավորն ասել է.«Մարդիկ, որպես հասարակության հիմնական հարստություն, օրվա խնդիրներին ծանոթանում են լրատվամիջոցների միջոցով»:

Նշելով, որ  ժողովուրդը ընտրություններում ցուցադրում է իր ազգային կամքն ու հավաքական ոգին  և  անդրադառնալով սահմանադրության այն հոդվածներին, որոնք վերաբերում են ժողովրդի ընտրելու իրավունքին. պատգամավոր Արա Շահվերդյանը հավելել է.«Քաղաքական մասնակցության հիմնական սկզբունքներից մեկը ժողովրդի մասնակցությունն է ընտրություններին: Քաղաքացիների մասնակցությունը ընտրություններին բերում է համերաշխության մեծացման և երաշխավորում է ազգային անվտանգությունը:

 

Նիստի ընթացքում հրավիրյալներից  ոմանք արտահայտել են իրենց տեսակետները և  ընտրություններին մասնակցելու պատճառները: