Հուլիս 28, 2021 19:48 Asia/Tehran
  • Իրանը միշտ էլ հայտարարել է, որ արդար գնով պատրաստ է գազ արտահանել հարևան և բարեկամ երկրներին

Մեր զրուցակիցն է իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը Պարոն Շահմուրադյան, Հայաստանում հեղուկ գազի խնդիր է առաջացել, սակայն Իրանից նույնպես Հայաստանը չի կարողանում այս պահին հեղուկ գազ ներմուծել՝ կապված այդ երկրում առկա սահմանափակումների հետ։ Ինչպիսի՞ լուծում է հնարավոր Իրանն առաջարկի։

Բոլորին հայտնի է, որ Հայաստանը էներգետիկ ռեսուրսներով լիովին աղքատ երկիր է, և մեծ կախվածություն ունի ռուսական գազից և վառելիքից: Անկախությունից ի վեր Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից բազմակողմանի շրջափակումների ենթարկվելով՝ Հայաստանը մասամբ իր էներգետիկ, հատկապես գազի և բենզինի կարիքները բավարարում է Իրանի Իսլամական Հանրապետությունից գազ էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց փոխանակումով, Հայաստանը Իրանի վրայով որոշ քանակությամբ գազ է ստանում Թուրքմենստանից: Ռուսաստանի Դաշնությունը միջազգային քաղաքական դաշտում Արևմուտքի և մերձավոր երկրների հետ իր քաղաքական և ռազմավարական հարցերը բալանսավորում է գազի լծակը օգտագործելով նրանց դեմ, և դա ապացուցված փաստ է: Բոլոր փորձագետները շեշտում են, որ Ռուսաստանը՝ որպես փափուկ քաղաքական գործիք, օգտագործում է գազի գինը Հայաստանի հետ հարաբերություններում ճնշում գործադրելու համար:

Ռուսական գազը Հայաստան փոխադրելու համար «Գազպրոմ»-ի կողմից Վրաստանին տարանցման համար վճարվող սակագինը բարձրացելով՝ Ռուսաստանը փորձում է նաև ճնշում գործադրել Հայաստանի վրա, որ ենթարկի իր աշխարհաքաղաքական նպատակներին, իսկ մյուս կողմից Ռուսաստանը, հաճախ նավթի համաշխարհային գների բարձրացման պատրվակով, ճնշում է գործադրում Ռուսաստանից նավթ գնող երկրների վրա: Իհարկե չենք կարող հաստատապես ասել, որ գազի և էներգակիրների փափուկ գործիքը օգտագործվում է միայն Ռուսաստանի կողմից, նավթագազային խոշոր ռեսուրսներով այլ տերությունները ևս այդ լծակն օգտագործում են թույլ երկրներին էներգետիկ կախվածության մեջ պահելու համար: Հայաստանի պարագայում դա ավելի զգալի է, քանի որ, ցավոք, Հայաստանը չունի գազին և նավթին փոխարինող այլ էներգետիկ տարբերակներ: Իհարկե Իրանի գազային մատակարարման տարբերակը հարմար այլընտրանք է Հայաստանի համար՝ ժամանակավորապես իր կախվածությունը կրճատելու Ռուսաստանի գազից, սակայն հաշվի առնելով Իրանի ներկայիս դրությունը՝ կապված ԱՄՆ-ի ու Արևմուտքի կողմից պատժամիջոցների և գազի փոխանակման ենթակառուցվածքների բացակայության հետ, չեմ կարծում, որ մոտ ապագայում Հայաստանը կարողանա իր կախվածությունը կրճատել ռուսական գազից, հատկապես երբ հաշվի ենք առնում ռուսական  «Գազպրոմ» ընկերության  ճնշող ազդեցությունը Հայաստանի իշխանության և գազի շուկայի վրա: Իրանից գազ գնելու վերաբերյալ Հայաստանի գլխավոր խնդիրը գնագոյացման հարցի թափանցիկության և ենթակառուցվածքների ստեղծումն է, որին խոչընդոտում է Ռուսաստանը։ Պատժամիջոցների պայմաններում Իրանը միշտ էլ հայտարարել է, որ արդար գնով պատրաստ է գազ արտահանել հարևան և բարեկամ երկրներին, այդ թվում Հայաստան, բայց միշտ հայկական կողմից ինչ- որ անհայտ պատճառներով թափանցիկ բացատրություն չի տրվել իրանական գազի գնի և ներմուծման հնարավորությունների շուրջ:

Ինչպիսի՞ լուծում պետք է գտնվի:

Հայաստանը պարտավոր է ինչքան հնարավոր է արագ այլընտրանքային էներգետիկայի հարցը լուծել, և դա Հայաստանի համար ոչ միայն էներգետիկ անվտանգության խնդիր է, այլ նաև քաղաքատնտեսական անվտանգության ապահովման հիմնական երաշխիք: Հայաստանը վաղուց պետք է Ռուսաստանից ներմուծվող գազի գնի հետ կապված այնպիսի լուծում գտներ, որ իր տնտեսության կախվածությունը կրճատեր ռուսական գազի խողովակից: Նախ՝ Հայաստանի տնտեսությունը պետք է անջատել գազի կախվածությունից և ընտրել այլընտրանքային, սեփական ռեսուրսների վրա հիմնված էներգամատակարարման հնարավորություններ, ինչպես արևային էներգիան: Հայաստանը արևի երկիր է և ունի ջրի բավականաչափ ռեսուրսներ։ Իրանը նույնպես արևոտ երկիր է և գազի հարուստ չօգտագործված պաշարներ ունի: Հնարավոր է Հայաստանի գազի կախվածությունը կրճատելու նպատակով համագործակցության եզրեր գտնել Իրանի հետ արևային էներգետիկայի շահագործման ոլորտում համատեղ նախագծեր մշակելու ուղղությամբ: Հայաստանը վերջերս փորձում է այդ ոլորտում իր հնարավորություններն ընդլայնել ֆրանսիական և եվրոպական այլ երկրների հետ, իսկ Հայաստանը կարող է արևային էլեկտրէներգիայի օգտագործման փորձը կիսել Իրանի հետ, ինչն անկասկած կողջունեն Իրանի էներգետիկայի նախարարության պաշտոնատարները: Մյուս կողմից, հաշվի առնելով Հայաստանի ջրային ռեսուրսները՝ հնարավոր է իրանական ընկերությունների օգնությամբ փոքր և միջին հիդրոէլեկտրակայաններ ստեղծել Հայաստանում, որը կարող է երկարաժամկետ կտրվածքով էլեկտրաէներգիա մատակարարել Իրանին, փոխարենը ստանալով գազ Իրանից, ինչը կնպաստի Հայաստանի գազի կախվածության կրճատմանը Ռուսաստանից: Իրանը և Հայաստանը նաև կարող են պետրոքիմիական գործարանի շուրջ համաձայնության հասնել Իրանի հետ Հայաստանի սահմանամերձ մարզերից մեկում նավթազտարան կառուցելու հնարավորության շուրջ, եթե Հայաստանը փորձի որպես անկախ սուբյեկտ և Արևմուտքի ու Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունեցող երկիր՝ միջնորդական լուրջ դերակատարություն ունենալ Արևմուտքի, հատկապես ԵՄ կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները թեթևացնելու առումով, որում իրոք թերացել է վերջին 5-6 տարվա ընթացքում։

lragir.am/

Պիտակ