Օգոստոս 04, 2021 14:11 Asia/Tehran
  • Իրանը փորձում է բոլոր հնարավորություններով ու առողջապահական բաժնի ու գիտաբժշկական ինստիտուտների ջանքերի արդունքում կանխել կորոնավիրուսի տարածումը երկրում

Մեր զրուցակիցն է իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը Պարոն Շահմուրադյան, ինչպիսին է համաճարակային իրավիճակը հարևան Իրանում:

Կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի երրորդ խմբաքանակն Իրան է ժամանել հուլիսի 30-ի գիշերը: Իրանը ստացել է COVID-19-ի դեմ AstraZeneca պատվաստանյութի 752 հազար 940 դեղաչափ: Մինչ այժմ Իրանը Ճապոնիայից ստացել է AstraZeneca պատվաստանյութի 2 մլն 11 հազար 810 դեղաչափ:

Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարարության պաշտոնատարները և պետական մարմինները հայտարարել էին չինական և ռուսական պատվաստանյութերի ներմուծման մասին, որի կողքին նաև Իրանում մատուցվում էր իրանական «Քովո Իրան Բարաքաթ» և «Ֆախրա» ու կուբայական տարբերակով համատեղ արտադրությամբ պատվաստանյութեր: Իրանը նաև հայտարարել է, որ մինչև 2021 թվականի սեպտեմբեր պատվաստանյութի արտադրումը հասնելու է ավելի քան 18-20 միլիոն դեղաչափի:

Սակայն, նկատի առնելով Քովիդ-19 հիվանդության տարածման թափը Իրանում, և այն որ ներկայիս դրությամբ և կորոնավիրուսի տարածման արդեն 5-րդ փուլում օրական մոտ 25-30 հազար մարդ վարակվում է եւ օրական շուրջ 30 հոգի մահանում է կորոնավիրուսից, Իրանը որոշել է, չնայած տնտեսական պատժամիջոցներին և նյութական ու ֆինանսական խիստ պայմաններին, շուրջ 3 միլիոն դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ ստանալ Ճապոնիայից։ Այսպիսով, Ճապոնիայի նվիրաբերած պատվաստանյութի քանակն ավելի մեծ է, կորոնավիրուսի պատվաստանյութերի այն դեղաչափի քանակից, որն ըստ պայմանագրի Ռուսաստանը պետք է ուղարկեր Իրան:

Համենայնդեպս, Իրանը փորձում է բոլոր հնարավորություններով ու առողջապահական բաժնի ու գիտաբժշկական ինստիտուտների ջանքերի արդունքում կանխել կորոնավիրուսի և դրա նոր շտամի տարածումը երկրում:

Ո՞ր խավի ներկայացուցիչներն են գալիս Հայաստանում պատվաստվելու:

Հայաստան այցելող իրանցի տուրիստների մի զգալի մասը, կարելի է ասել, բարեկեցիկ խավից են, որոնք հնարավորություն ունեն երկրի տնտեսական ծանր պայմանները և դոլարի հետ կապված խնդիրները հաղթահարել և արտասահմանյան ճանապարհորդության ծախսերը հոգալ, իսկ Իրանի ժողովրդի մեծամասնությունը բավարարվում են մնալ երկրում և հերթագրվել իրանական կամ արտասահմանից ստացած պատվաստանույթ ստանալու համար:

Բացի այդ, և անկախ այս բոլոր խնդիրներից, պետք է նշել, որ Հայաստանը իր տուրիստական  պոտենցիալով և տեսարժան վայրերով գրավիչ երկիր է իրանցի տուրիստների համար, սակայն, ցավոք, չնայած երկու երկրի միջև առկա քաղաքական սերտ հարաբերություններին ու զարգացող տնտեսական կապերին, իրոք Հայաստանը Իրանի ժողովրդի լայն մասանների ու հասարակության համար գրեթե անծանոթ երկիր է համարվում: Իրանցիների մեծ մասը Հայաստանը ճանաչում է միայն անունով և լավագույն դեպքում կրթված դասակարգը Հայաստանը ընկալում է որպես պատմական հիշողությամբ մի երկիր կամ տարածք, որ այժմ կոչվում է Խորհրդային Միությունից անկախացած Հայաստանի Հանրապետություն:

Թեհրանում և Իրանի որոշ հայաբնակ քաղաքներում իրանցիները մասամբ ծանոթ են հայերի և Հայաստանի հետ, բայց կրկնում եմ դա բավական չէ երկու երկրների մշակութային, հասարակական, տնտեսական, մարզական, առևտրական, արդյունաբերական, բժշկական և այլ ոլորտների կապերը առավել ամրապնդելու և զարգացնելու գործում:

Այստեղ շատ մեծ դերակատարություն կարող են ունենալ Հայաստանի ԶԼՄ-ները, պետական համապատասխան մարմինները, Հայ-Իրանական բարեկամության ոչ պետական ինստիտուտները, Իրանում Հայաստանի դեսպանությունը և Հայաստանում Իրանի դեսպանատունը, Իրանում հայ համայնքի ներկայացուցիչները, երկու երկրի միջխորհրդարանական բարեկամության հանձնաժողովների համատեղ աշխատանքների ծավալումը, երկու երկրներում տեղակայված տուրիստական ընկերությունների ներկայացուցչությունները, հայկական և իրանական ԶԼՄ-ների համապարփակ և ընդլայնված փոխգործակցությունը՝  Իրանը Հայաստանին և Հայաստանը Իրանին համարժեք ծանոթացնելու գործում:  Անկասկած այդ ուղղությամբ մեծ  աշխատանքներ են կատարվել և այժմ ևս շարունակվում են ջանքերը, սակայն պետք է բոլոր աշխատանքները համակարգել և դա պետք է կատարվի միջպետական հանձնաժողովների ձևավորմամբ:

lragir.am

Պիտակ