Սեպտեմբեր 15, 2021 17:46 Asia/Tehran
  • Իրանցի պաշտոնյաներն անհանգստացած են ստեղծված իրավիճակից

Yerevanlur-ի զրուցակիցն է իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը։

–Պարոն Շահմուրադյան, արդեն երրորդ օրն է՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական կողմը կանգնեցնում է իրանական բեռնատարներին ու գումարներ գանձում։ Ի՞նչ արձագանքներ կան Իրանում այս ճանապարհին ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

-Ինչպես արդեն գիտեք, Իրանի արտգործնախարարության խոսնակն արձագանքել է միջադեպին և հայտարարել է, որ Իրանը հետևում է խնդրին։ ԱԳՆ խոսնակ ՍաիդԽաթիբզադեն, արձագանքելով Հայաստանի Սյունիքի մարզում իրանական բեռնատար մեքենաների ու վարորդների համար ադրբեջանական կողմի ստեղծած խնդիրներին, հայտարարել է, որ Իրանի առաջնահերթությունը հարևանների հետ հարաբերություններն են, որն արտահայտվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի որդեգրած քաղաքականության մեջ։ Նախագահ Ռաիսին նախկինում ասել էր, որ Իրանի արտաքին քաղաքականության հիմնական մոտեցումը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելն է։

Արտգործնախարարության խոսնակ Խաթիբզադեն նաև ընդգծել է, որ Իրանը փորձում է հնարավորություններն օգտագործել տարածաշրջանայիան խաղաղության ու կայունության հասնելու համար՝ իր բոլոր հնարավորություններն ուղղորդելով տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների պահպանմանը։ Կարծում եմ՝ Երևանի հարաբերությունների ընդլայնումը հարևան երկրների, մասնավորապես, Իրանի հետ, կարող է տնտեսական մեծ օգուտներ բերել մեր երկու երկրներին։

Այս ամբողջի համատեքստում սեպտեմբերի 12-ից Գորիս-Կապան ավտոճանապարհի հատվածում ադրբեջանական զինվորների ու ոստիկանների կողմից իրանական բեռնատարների և վարորդների համար ստեղծված խոչընդոտներն այս անգամ լուրջ մտահոգություն են առաջացրել իրանցի պաշտոնյաների ու քաղաքացիների շրջանում։ 

-Հայաստանի անելիքները որո՞նք պետք է լինի այս իրավիճակում։

-Հայաստանի պաշտոնյաները պետք է անմիջապես վճռական մոտեցում որդեգրեն ՝ կապ հաստատելով Իրանի պաշտոնյաների հետ և համագործակցաբար քայլեր ձեռնարկելով՝ զսպելու այս քայլերը, որոնք վտանգում են թե Իրանի, թե Հայաստանի անվտանգությունն ու տնտեսական շահերը տարածաշրջանում։ Անկասկած, Հայաստանը մեծ անելիք ունի։ Պետք է քայլեր ձեռնարկվեն ճանապարհը բացելու ուղղութամբ։

–Իսկ հնարավո՞ր է իրանական բեռնափոխադրումները ՀՀ տարածքով դադարեցվեն՝ հաշվի առնելով այս իրավիճակը։

-Չեմ կարծում՝ այդպիսի հնարավորություն լինի, որովհետև Իրանը չի ցանկանա միակողմանի դադարեցնել իր տրանսպորտային հարաբերությունները Հայաստանի հետ, քանի որ երկարատև ու ռազմավարական ծրագրեր ունեն Հայաստանի վերաբերյալ՝ դեպի Սև ծով և Եվրոպա և ԵԱՏՄ-ը։

yerevanlur.am