Սեպտեմբեր 17, 2021 12:02 Asia/Tehran

Հինգշաբթի երեկոյան, Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած գագաթնաժողովի շրջանակում, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանի և Բելառուսի միջև տնտեսական հարաբերությունների մակարդակը բավարար և գոհացուցիչ չէ: Երկու երկրները կարող են արագացնել և հեշտացնել երկկողմ տնտեսական փոխազդեցությունների ընդլայնումը»:

Հանդիպման ժամանակ, նշելով, որ տնտեսությունն Իրանի կառավարության առաջնահերթությունն է, Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է.«Ձգտում ենք զարգացնել տնտեսական հարաբերությունները տարածաշրջանում, և ես տնտեսության նախարարին հանձնարարել եմ հետամուտ լինել համատեղ պայմանավորվածությունների իրականացմանը»:

Նշելով, որ ամերիկացի պաշտոնատարները խոստովանել են Իրանի ժողովրդի դեմ առավելագույն ճնշման քաղաքականության ձախողումը, ԻԻՀ նախագահն ասել է.«Տարածաշրջանային հարաբերությունների զարգացումը պատժամիջոցների հաղթահարման ուղիներից մեկն է, և Իրանի ու Բելառուսի նման երկրները, ուղիներ են գտել պատժամիջոցները հաղթահարելու համար»:

Հանդիպմանը Բելառուսի նախագահն ասել է.«Ոչ մի երկրի չի հաջողվել այլ երկրների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով հաջողության հասնել, իսկ պատժամիջոցներ կիրառելը ձախողված քաղաքականություն է աշխարհում»:

Նշելով, որ իր երկիրը շահագրգռված է ԻԻՀ հետ տնտեսական հարաբերությունների ընդլայնման և համագործակցության հարցում, Լուկաշենկոն ասել է.«Մենք պետք է հնարավորինս ընդլայնենք տնտեսական հարաբերությունները՝ օգտվելով առկա  կարողություններից»: